Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ և քրոջ հետ ոչ-ռազմական հաստատություն է այցելել


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն, արխիվ

14 տարի առաջ նույն օծանելիքի ֆաբրիկա նա այցելել էր իր հոր՝ այն ժամանակվա առաջնորդի հետ։

Արևմուտքի հետ աննախադեպ լարված հարաբերությունների և օր-օրի խստացվող պատժամիջոցների ֆոնին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը կնոջ և քրոջ հետ Փհենյանում այցելել է օծանելիքի արտադրության ֆաբրիկա, վկայակոչելով հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության տեղեկատվությունը՝ հայտնում է բրիտանական The Guardian-ը։

Թե երբ են արվել լուսանկարները, որոնցում հյուսիսկորեացի առաջնորդը կնոջ և քրոջ հետ օծանելիքների ֆոնին լայն ժպտում է, հայտնի չէ, սակայն այցի մասին հաղորդվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի կոշտ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց։

«Փհենյանի կողմից ատոմային զենքի կիրառման ցանկացած փորձ կարժանանա պատասխան զանգվածային ռազմական գործողությունների», - հայտարարում էր Պենտագոնի ղեկավարն՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը երբեք թույլ չի տա, որ Հյուսիսային Կորեան դառնա միջուկային գերտերություն։

BBC-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի առաջնորդը վերջին անգամ ոչ-ռազմական կառույց է այցելել 14 տարի առաջ, այն ժամանակ երկրի ղեկավարը ներկայիս առաջնորդի հայր Կիմ Չեն Իրն էր, ով այցելել էր նույն օծանելիքի ֆաբրիկա։

Ինչո՞ւ հենց օծանելիքի ֆաբրիկա. արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Հյուսիսային Կորեայում վերջին շրջանում շարքային քաղաքացիների համար արտասահմանյան պերճանքի առարկաները անհասանելի են դարձել։ Փոխարենը, երկիրն ակտիվորեն զարգացնում է սեփական կոսմետիկ արտադրությունը՝ ստեղծելով հայրենական ապրանքանիշեր, ինչպես, օրինակ, «Բոմհյանգին» կամ «Ունհասուն»։

Այսպիսով, ինչպես փորձագետներն են նկատում, աշխարհի ամենամեկուսացված ու ռազմականացված երկրի առաջնորդը քաղաքացիական արտադրամաս է այցելել` ցույց տալու, որ ինքն էլ է ապրում իր քաղաքացիների հոգսերով, և որ իր հարևանների պես ինքն էլ է ապահովում քաղաքացիների կարիքները:

Հյուսիսկորեական իշխող ընտանիքը, մասնավորապես՝ ընտանիքի կանայք, բավական հազվադեպ են հանրությանը ներկայանում։ Կնոջ և կրտսեր քրոջ՝ Կորեայի աշխատավորական կուսակցությունում վերջերս բարձր պաշտոն ստանձնած Կիմ Յո Ջոնի ուղեկցությամբ տեսախցիկների առաջ հայտնվելը, Հյուսիսային Կորեայի հարցով փորձագետների կարծիքով, նույնպես խորհրդանշական է։

«Նա ընդգծում է ընտանիքի կարևորությունը, արյունակցական կապերը, գիտակցումը, որ իր երեխաներն են ժառանգելու իր իշխանությունը», - BBC-ի հետ զրույցում կարծիք է հայտնել փորձագետ Անկիտ Պանդան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG