Ռուսաստանի զինվորական-դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Կրեմլն առաջիկայում կարող է կրճատել Սիրիայում տեղակայած ուժերը: Այդ մասին է հաղորդում «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Կրճատումը հնարավոր է դարձել ռուսական օդուժի և ցամաքային ստորաբաժանումների ու նախագահ Բաշար Ասադի բանակի համատեղ հաջող գործողությունների շնորհիվ:
Ասադի զորքերը հսկողության տակ են պահում երկրի տարածքի մոտ 95 տոկոսը, և «գրոհայինների դիրքերի վրա վերջնական հարձակման համար Ռուսաստանի լայնածավալ աջակցության կարիք չկա»:
Եթե այդ ծրագիրն իրականացվի, Սիրիայում կմնան «Հմեյմիմ» և Տարտուսի հենակետերի պաշտպանությունն ապահովող զորախումբը, զինվորական ոստիկանության և խորհրդականների ստորաբաժանումները:
Հավանաբար, կրճատվելու է նաև Ռուսաստանի ռազմատիեզերական ավիախումբը, սակայն ռուսական օբյեկտները պաշտպանության տակ վերցրած հակաօդային պաշտպանության համակարգերը դուրս չեն բերվի: Վերջնական որոշում այսօրվա դրությամբ դեռ չկա:
«Նմանօրինակ վճիռները նախապես չեն ազդարարվում», - պարզաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերից է ներքաշվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում համոզված են, որ Սիրիայում ռուսների ռազմական միջամտության նպատակները գործնականում ի կատար են ածվել: Այդ մասին է հայտարարել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը:
«Ենթադրում ենք, որ մինչև տարեվերջ Ասադի բանակը կվերականգնի հսկողությունը Սիրիայի արևելյան սահմանի նկատմամբ, և «Իսլամական պետության» գոյությունը՝ իբրև կազմակերպված ռազմական կառույց, այլևս կավարտվի», - ասել է Շամանովը Ռուսաստանի և Ղազախստանի օրենսդիրների համատեղ ժողովում:
«Նովոստի»-ի փոխանցմամբ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իսրայելցի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողությունը մոտենում է ավարտին»:
Դա է օրերս ընդգծել նաև արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը: Նման լավատեսական կարծիք է նաև խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում:
«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը վկայակոչել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևին, ով ասել է, որ «Մոսկվան Սիրիայում կպահի միայն ահաբեկիչների հնարավոր գրոհները ետ մղելու համար անհրաժեշտ ջոկատներ»: