Մատչելիության հղումներ

2018 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ:

ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ընդամենը մի քանի րոպեով ներկա էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Առաջարկվող քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում ապահովելով 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով և թե՛ սոցիալական բնույթի», - ասաց վարչապետը։

Մոտ 5 րոպեանոց խոսքի ավարտին Կարեն Կարապետյանը բոլորին արդյունավետ աշխատանք ու լավ տրամադրություն մաղթեց: Հեռացավ առանց հարցերի պատասխանելու, ընդ որում՝ մի դռնով, ուր լրագրողները մուտք չունեն։

Վարչապետին կենտրոնական խոսափողի մոտ փոխարինեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նրա խոսքով, իրենց գերագույն նպատակը կայուն և երկարաժամկետ տնտեսական աճն է, իսկ հավակնությունները՝ նախանշածից մեծ․ - «Պետք է հավակնենք 5 տոկոսանոց աճին և ոչ թե 3 տոկոսանոց, որովհետև մի քանի վերլուծությունները ցույց են տալիս, որ 3 տոկոսանոց աճը մեզ համար հնարավորություն չի ընձեռում, որպեսզի մենք կարողանանք մեր առջև ծառացած խնդիրները կայուն կերպով լուծենք»:

2018-ին ծախսերն ու եկամուտները Կառավարությունն այսպես է որոշել բաշխել․ - «1 տրիլիոն 307 միլիարդ դրամ ընդհանուր եկամուտներ, 1 տրիլիոն 464 միլիարդ ծախսեր և շուրջ 157 միլիարդ պակասուրդ»:

Կառավարության կանխատեսմամբ, պետական պարտքը հաջորդ տարի կհասնի 6.6 միլիարդ դոլարի: Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա օգոստոսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 259 միլիոն դոլար:

2018 թվականին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացում բյուջեի նախագծով չի նախատեսվում: Ֆինանսների նախարարն այսօր այդպես էլ հստակ չպատասխանեց ԱԺ-ի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանի հարցին, թե բարձրացում երբ են նախատեսում։ Վերջին անգամ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում 2015-ին է եղել։

«2017-ին ասեցինք կայունացնելու ենք տնտեսական վիճակը, 2018-ին ունենալու ենք զարգացման մեկնարկ: Եվ երբ որ մենք վստահ լինենք, որ մեր բոլոր գործիքները, մեր ջանքերը արդարացված են, միանշանակ բերելու ենք սոցիալական խնդիրները հետևից լուծենք», - խոստացավ Արամյանը:

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը նաև նորամուծություն էր որոշել անել․ Վարդան Արամյանը 2018 թվականի բյուջեի նախագիծը նաև էկրանին անընդհատ փոփոխվող աղյուսակների միջոցով էր ներկայացնում:

«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ այս բյուջեով ժողովրդի կյանքը փոխվելո՞ւ է․ - «Ժողովուրդը արդեն հոգնել ա այդ սխեմաների մասին լսելուց, ժողովուրդը հոգնել ա էս նկարչությունից․․․»:

«Ժողովրդի անունից քիչ խոսացեք», - հակադարձեց հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Վարդան Արամյանը հավելեց․ - «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք մեր ժողովրդի համար: Մենք վստահ ենք, որ երկիրը ճիշտ ուղղությամբ ենք տանում: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե մեր տնտեսական քաղաքականությունը այս ուղղությամբ գնա, մենք կարողանալու ենք շատ հեշտությամբ մեր սոցիալական խնդիրները լուծենք: Լուծենք աղքատության խնդիր, լուծենք թոշակի խնդիր և այլն: Մեզ պետք է կայուն տնտեսական աճ»:

Կառավարությունը 2018-ին 4 տոկոս գնաճ է կանխատեսել: Այս պահին, Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով, գնաճը 1.7 տոկոս է: Արթուր Ջավադյանն ասում էր, թե դա ցածր գնաճի տոկոս է, բարձրը 8-10 տոկոսանոցն է․ - «Գնաճի հետ մենք խնդիր չունենք: Ինձ զարմացնում են ձեր հարցերը գնաճի մասին․․․ Ես գիտեմ՝ որոշակիորեն կարագը ու միսն է թանկացել, բայց քանի ապրանքատեսակ էժանացել է: Ու Կենտրոնական բանկը իրա գործիքներով երբևիցե չի կարող ազդել կարագի գների վրա, կամ մսի գների վրա: Կարող ենք ազդել ընդհանուր գների մակարդակի, գների կայունության վրա՝ մեր գործիքներով: Էդ կանենք էն պարագայում, երբ որ մենք զգանք, որ մենք ունենք ընդհանուր գնաճային երևույթներ: Բայց այդպիսի երևույթ չկա այսօր»:

Կոալիցիայի անդամ Դաշնակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի կարծիքով, Կառավարությունը գալիք տարվա բյուջեում համարձակ փոփոխությունների է գնացել․ - «Եկող տարի նախատեսվում է մոտ 100 միլիարդով ավելացնել է բյուջեն: 70 միլիարդը գնալու է դեպի կապիտալ ծախսեր: Իսկ առանց կապիտալ ծախսերի իրականացման, առանց կապիտալ ներդրումների, զարգացում ակնկալել հնարավոր չէ»:

Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով հիացած չեն։

«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն ասաց, թե առայժմ դրական միտումներ չի տեսնում:

«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի կտրուկ արտահայտվեց․ - «Եթե մենք թոշակները և ընտանեկան նպաստները չենք բարձրացնում, նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Կառավարությունը վարում է ոչ թե աղքատության հաղթահարման, այլ աղքատության խորացման քաղաքականություն: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու Եվրասիական տնտեսական միության մաքսային նոր դրույքաչափերը, որոնք լայն սպառման բազմաթիվ ապրանքների գները մեծացնելու են՝ իրենց հետ բերելով սոցիալական հետևանքներ: Եվ բյուջեն այս առումով գնահատում եմ որպես բացարձակապես ոչ ադեկվատ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG