Մատչելիության հղումներ

Դառնացած Բարզանին ազատում է Իրաքյան Քրդստանի նախագահի պաշտոնը


Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հրկիզված նկարը քրդերի կողմից լքված Քիրքուք ավանում, 19-ը հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հրկիզված նկարը քրդերի կողմից լքված Քիրքուք ավանում, 19-ը հոկտեմբերի, 2017 թ.

«Միջազգային համայնքը վերադարձավ իր շահերի պաշտպանությանը»

Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հրաժարական է ներկայացրել: Անկախության հանրաքվեից հետո տեղի են ունեցել քրդերի համար անբարենպաստ զարգացումներ․ իրաքյան բանակը գրավել է քրդերի հսկողության տակ գնտվող կարևոր շրջանների մեծ մասը: Քրդերը խոսում են միջազգային համայնքի անբարեխիղճ դիրքորոշման և ներքին դավաճանության մասին:

«Ես նամակով դիմել եմ խորհդարանին, տեղեկացնելով, որ չեմ կարող ընդունել նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու օրենքը»,- ասել է Բարզանին: Իր ուղերձում նա անդրադարձել է քրդական ջոկատների՝ «Փեշմերգայի» պայքարին և նախատել է միջազգային համայնքին:

«Փեշմերգան» «Իսլակմական պետության» դեմ մարտերում դրսևորել է գերագույն խիզախություն և ջախջախել է ԻՊ-ի անպարտելիության առասպելը: Ամբողջ միջազգային համայնքը հիանում էր «Փեշմերգայի» և քուրդ ժողովրդի տոկունությամբ: Բայց, դժբախտաբար, երբ եկավ խոսքից կոնկրետ գործի անցնելու ժամանակը՝ միջազգային համայնքը վերադարձավ իր սեփական շահերի պաշտպանությանն ու ուրացավ նախկինում հայտարարած բոլոր սկզբունքները»,- ասել է Մասուդ Բարզանին:

Նա երեկվա ելույթում չի թաքցրել իր դառնացածությունը, խոստովանելով, որ քրդերը հույս էին կապում և՛ Իրաքի, և՛ միջազգային համայնքի հետ, հավատում էին, որ աշխարհը կգնահատի քուրդ ժողովրդի զոհողությունները: «Առանց Փեշմերգայի Իրաքի բանակը երբևէ չէր ազատագրի Մոսուլը: Մենք կարծում էինք, որ ի պատասխան դրան՝ միջազգային համայնքը կպարգևատրի «Փեշմերգային» և քուրդ ժողովրդին, կհարգի մեր մարտիրոսների թափած արյունը»,- ասել է Բարզանին:

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը Իրբիլում քննարկել է նախագահ Բարզանիի նամակը և քվեների 70 կողմ 23 դեմ հարաբերակցությամբ ընդունել նրա հրաժարականը: Այսպիսով՝ 71-ամյա Բարզանին նոյեմբերի1-ից այլևս չի կատարի նախագահի պարտականությունները, նրա լիազորությունները միառժամանակ փոխանցվում են խորհրդարանին և կառավարությանը:

Բարզանին 2005 թվականին է ստանձնել նախագահությունը, ապա, 2013-ից սկսած, երկու անգամ նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է նախ խորհրդարանի, հետո էլ դատարանի որոշումներով: Քրդերի համար մեծ հարված էր այն, որ միջազգային համայնքը Իրաքյան Քրդստանին չսատարեց սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեից հետո:

Թուրքիան և Իրանը հայտարարել են հանրաքվեի արդյունքները մերժելու և պատժամիջոցներ սահմանելու մասին: Գերտերությունները զգուշավոր դիրքորոշում են որդեգրել, նկատել տալով, որ դեմ են Իրաքի մասնատմանը:

«Մի՞թե Իրաքի բանակը պետք է «աբրամսներով» ներխուժեր»

Քրդերի համար տհաճ անակնկալ էր այն, որ իրենց դեմ մարտերում իրաքյան բանակն օգտագործել է «Աբրամս» տեսակի ամերիկյան հզոր հրասայլեր, որոնք Միացյալ Նահանգները Բաղդադին տրամադրել է «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

«Արդյո՞ք Ամերիկան հավանություն է տվել Քրդստանի վրա հարձակման ծրագրին: Ի՞նչ է կատարվում, նույնիսկ եթե նրանք ուզում էին պատժել քրդերին, մի՞թե Իրաքի բանակը պետք է ամերիկյան «աբրամսներով» ներխուժեր, սպաներ «Փեշմերգային» և քրդերին վտարեր իրենց տներից»,- հարցեր է տվել Բարզանին:

Նրա համոզմամբ, հանգուցյալ առաջնորդ Ջալալ Թալաբանիին հավատարիմ ուժերի կողմից դավաճանություն է եղել, քանի որ այդ ստորաբաժանումներն առանց դիմադրության Իրաքի բանակին են հանձնել Քիրքուքը, ինչից հետո Բաղդադի դիրքորոշումն էլ ավելի է կոշտացել:

«Բաղդադում այլևս չեն ընդունում քրդերի իրավունքները»

Բարզանիի կարծիքով, Իրաքի կենտրոնական վարչակարգը մերժել է քրդերի հետ երկխոսությունը, հետևաբար, Բաղդադում այլևս չեն ընդունում քրդերի իրավունքները:

«Մենք փորձել ենք կանխել արյունահեղությունը, սակայն իրաքյան բանակը և շիա մահմեդականները շարունակել են առաջխաղացումը, մեր ժողովուրդը հիմա պետք է հարցնի՝ ԱՄՆ-ն գիտե՞ր այդ հարձակումների մասին և ինչո՞ւ չի կասեցրել»,- ասել է Բարզանին: Եվ այնուամենայնիվ, չնայած դառնացածությանը՝ Բարզանին ասել է, որ անկախության հանրաքվեն երբեք չի կարող չեղյալ հայտարարվել, որովհետև դա երեք միլիոն քվեարկողների կամքն է:

Հուզումներ Իրբիլում և Դոհուկում

Երբ հայտարարվել է Բարզանիի հրաժարականի մասին, հարյուրավոր զայրացած ցուցարարներ փորձել են ներխուժել խոհրդարանի շենք: Բաղդադում դրան պաշտոնական ոճով են արձագանքել, նկատել տալով, որ խոսքը թեպետ մտահոգիչ, սակայն բացառապես ներքին խնդրի մասին է: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի գրասենյակը հատուկ հայտարարություն է տարածել:

«Մենք հետևում ենք Իրբիլում և Դոհուկում քաոս և անկարգություններ հրահրելու փորձերին, դրանք վնաս են հասցնում մեր հայրենակիցներին: Մենք բոլորին կոչ ենք անում հետևել օրենքին և պահպանել անդորրը, ապահովել, որ քաղաքական վեճերը վնաս չհասցնեն առանց այն էլ մեծ տառապանքներ ապրած քուրդ ժողովրդին»,- ասված է վարչապետի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG