Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի բոլոր 4 թեկնածուներն իրենց նախընտրական խոստումներում նշում են, թե վերացնելու են գյուղում տիրող թշնամանքը, որ արդեն 20 տարի հատկապես ընտրությունների ժամանակ թշնամացած խմբերին իրար դեմ է հանում, մարդասպանությունների հասցնում ու քրեական նոր պատմություններ ծնում։

Ծանր հանցանք գործելու համար այսօր էլ մի քանի աչաջուրցիներ դեռ պատիժ են կրում։

Հայ-ադրբեջանական սահմանին կից, մոտ 5000 բնակիչ ունեցող գյուղում լսել են, թե մի քանի ամսից համայնքների խոշորացման ծրագրով Աչաջուրը միացվելու է մարզկենտրոն Իջևանին, ու չնայած համայնքապետի նոր ընտրություններ են տեղի ունենալու, գյուղն այս անգամ էլ ընտրական թեժ պայքարի մեջ է:

Նախկին ու գործող գյուղապետ և ավագանու անդամներ են պայքարում միմյանց դեմ, իրար մեղադրում զրպարտության, վատ աշխատելու կամ գյուղում տիրող թշնամական մթնոլորտին նպաստելու մեջ։ Համայնքի ղեկավարի թեկնածու, ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանն ասում է. - «Ես վախենում եմ, որ հանկարծ իմ էրեխուն դպրոց ուղարկեմ, որ հանկարծ կռիվ կտենա ինքը, ինչ կըլնի, ոնց կըլնի․․․ մի հատ կրակոց, մի հատ արագ մեքենա․․․ Պըտի վերանա էդ ամեն ինչը իմ գյուղից, ես դրա համար եմ գալիս»:

Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Կամո Ղալթախչյանը, որի ղեկավարած գյուղապետարանում գումարներ յուրացունելու կասկածանքով իրավապահները քրեական գործ են հարուցել, պնդում է, թե ոստիկանությանը պարբերաբար հաղորդումներ տվող հակառակորդներն ընտրություններից առաջ պարզապես իրեն սևացնելու միտում ունեն․ - «Դրանք վառել են մեզ էդ միլիցիայի ագենտները»:

Գործող գյուղապետը համոզմամբ, մրցակիցներից երկուսը սերտ կապեր ունեն 4 տարի առաջ ընտրություններում պարտություն կրած նախկին գյուղապետ Համլետ Գևորգյանի հետ։ Անգամ նշում է, թե սպառնալիքներ է ստացել․ - «Մի մարդ, որ կանգնի ասի՝ քեզ փուռը տեմ տալ... Դու ով ես, որ ինձ նստցնես... Բա դրա պատասխանը ո՞նց պըտի տաս»:

Թեկնածուներից Տաթև Գասպարյանը ևս, ով գյուղապետ է եղել 1996-99 թվականներին, մրցակիցներին մեղադրում է զրպարտության ու «գործ սարքելու» մեջ։ Նա նշում է, որ դեռ սրանից 2 տարի առաջ 30 աչաջուրցի, այդ թվում այսօրվա երկու թեկնածուները՝ որպես ավագանու անդամ, դիմել են Հանրապետության նախագահին՝ քննության առնելու քրեական հեղինակություն դարձած համագյուղացու՝ Տաթև Գասպարյանի արածն ու չարածը։ Դիմումատուները պատմել են գյուղում առկա վախի մթնոլորտի մասին, շեշտել, որ Տաթև Գասպարյանն անցած գրեթե 20 տարիներին 4 անգամ դատապարտվել է տարբեր հանցանքների, այդ թվում պաշտոնեական դիրքը չարաշահելու և աչաջուրցիներին Կառավարությունից որպես օգնություն տրամադրված 183 միլիոն դրամը շորթելու համար։

51-ամյա տղամարդը, սակայն, ասում է, թե նամակից հետո եկել են, ստուգել և այսօրվա իր գործողությունների մեջ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել․ - «Կլյաուզնի ինչ-որ դիմում ա... Դեռևս նախանցած տարի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դիմումն ուղարկվել ա Հատուկ քննչական ծառայություն, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, փաստերը ուսումնասիրվել են, և ոչ մի ապացույցի չի եղել: Ես ճանաչվել եմ անմեղ, և գործը կարճվել է։ Թե ով ա գրել, ով ա նրանց դրդել, սա արդեն երկրորդ հարցն ա»:

Ավագանու անդամ, համայնքի ղեկավարի դաշնակցական թեկնածու Սևադա Ղուկասյանը պնդում է, թե նախագահին ուղղված դիմումն ստորագրել է՝ առանց տեղյակ լինելու դրա բովանդակությանը։ Այդ մասին նշել է ոստիկանությունում տված իր ցուցմունքներում․ - «Մեր ոստիկանության բաժնի պետը ինձ հրավիրել ա իր առանձնասենյակ, ես իրա հետ զրույց եմ ունեցել։ Ու երևի թե մնացած թեկնածուներին էլ հրավիրած կլինի, համենայն դեպս ինձ էդպես ա ասել։ Ու ես իրան ասեցի՝ գիտե՞ք ես ինչու եմ ուզում գամ համայնքի ղեկավար։ Որ դուք մեր գյուղ աշխատանքային այցով չգաք։ Գաք միջոցառման... միասին քեֆ անենք, ոստիկանություն - հասարակություն անջրպետը վերացնենք... Էդ կլյաուզա ասածը ես ուզում եմ իսպառ բացառենք մեր համայնքից»:

Մյուս թեկնածուն՝ Կարեն Ղալթախչյանը, մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։ Այսօր անհատ ձեռներեց է, սեփական խանութ ունի: Նա ավելի զգուշավոր էր իր ասելիքի ու գնահատականների մեջ․ - «Ստեղ ուրիշ խնդիրը: Ես չեմ ուզի մանրանամ դրա մասին, որովհետև էդ մեր գյուղի խնդիրն ա»:

Նշենք, որ 4 թեկնածուներից 3-ը հանրապետական են, ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանը՝ Հանրապետականի կոալիցոն գործընկեր դաշնակցության անդամ։ Բոլորն էլ, սակայն, ինքնաառաջադրվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG