Մատչելիության հղումներ

16-ամյա «գնդի որդին» Գորիսի հիվանդանոցում վիրահատությունից հետո գնալու տեղ չունի


Վահե Հակոբջանյանը Գորիսի բժշկական կենտրոնում

Գորիսի բժշկական կենտրոնում՝ վիրաբուժական բաժանմունքի 5-րդ պալատում, ինչպես բժիշկներ են ասում՝ «գնդի որդին» է պառկած՝ 16-ամյա Վահե Հակոբջանյանը:

25 օր առաջ են Վահեին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով բժշկական կենտրոն բերել: Պատանուն հարազատներ չեն ուղեկցել: Ավելի ուշ պարզվել է, որ Վահեի հայրը մահացած է, մայրն ու տատը հոգեկան խնդիրներ ունեն, տղայով որևէ հարազատ հետաքրքրված չէ:

Պատանու կյանքը փրկելու համար բաժանմունքի վարիչն է վիրահատության համաձայնություն տվել, ինքն էլ վիրահատել է: Տղան աղիների վրա բարորակ գոյացություն է ունեցել: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն տասն օր անց Վահեի մոտ այլ խնդիրներ են ի հայտ եկել, կրկին վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել:

Բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «Բարակ աղիքների վրա երեք տեղ պերֆորացիաներ կային, թափածակված: Էդ թափածակված հատվածները վերականգնվել են, մանրակրկիտ սանացիա է արվել, մաքրվել է ամբողջությամբ․․․ դրենավորել, դուրս ենք եկել: Փառք Աստծո, որ երկրորդ վիրահատությունից հետո շատ լավ օրգանիզմը արձագանքեց»:

Շուրջ մեկ ամիս է՝ Վահեի սննդի, խնամքի հարցը բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն է հոգում: Դեպքին նաև արձագանքել են սրտացավ մարդիկ՝ տղայի համար հագուստ և ուտելիք բերելով:

«Ճիշտ չէր լինի, որ Վահեի հետ ուրիշ բան կատարվեր: Որովհետև, կարծում եմ, մի հոգու համար մի բան էլ դեռ բավական շատ է, էլի, որ մեկին հասնի էդքան դժվարություն», - ասաց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով․ - «Էս տեսակ դեպքերը, կարծում եմ, որ մեր հասարակությանն ահազանգ պետք է տան, որ մեկը մեկի նկատմամբ պետք է խնամքով և ուշադիր լինեն, այլապես էն ամեն ինչը, ինչը որ կա՝ այսօրվա տեխնիկական առաջընթացը, զարգացումը, կոպեկի արժեք չեն ունենա»:

Հիմա Վահեի վիճակը բավականին լավ է, շուտով դուրս կգրեն: Բժիշկը մտահոգ է՝ տղային լուրջ խնամք է անհրաժեշտ, սակայն գնալու տեղ չունի: Այս պահին տարբեր կառույցների միջոցներով փորձում են որևէ խնամքի կենտրոն ուղարկել, սակայն դեռ պարզ չէ, թե որքան ժամանակով կարող են նրան խնամել:

«Վստահ եմ, որ եթե գնա իր տուն, չնայած եթե էդպիսի բան լինի, հաստատ մենք չենք թողնի՝ մի բան կմտածենք, շատ շուտ է՛լ ավելի ծանր վիճակում կարող է նորից վերադառնա հիվանդանոց կամ ուրիշ մի հիվանդանոց», - ասաց Բաբայանը:

Վահեն դժվարությամբ էր խոսում իր մասին, երբեմն ժպտում էր, փորձում իր կյանքի դժվարությունների մասին հպանցիկ պատմել: Չէր հիշում, թե որ տարիքից է սկսել աշխատել, փայտ է ջարդում, կոշտացած ձեռքերն անընդհատ թաքցնում էր գլխավերևում: Նա նույնպես անհանգիստ է՝ եթե հիվանդանոցից դուրս գրվի, այլ տեղ տեղափոխվի, իրեն հարազատ դարձած մարդկանց հետ չի կարող կապ հաստատել:

Նոյեմբերի 28-ին պատանին 17 տարեկան կդառնա, ասում է՝ ծնունդին բջջային հեռախոս է ուզում նվեր ստանալ, բայց ավելի շատ երազում է գլխավերևում ծածկ ունենալու մասին: «Կուզեի դե տուն ինձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG