Մատչելիության հղումներ

Ի՞նչ տվեց Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը, առաջընթա՞ց էր դա, թե հետընթաց․ Քննարկում «Ազատության» տաղավարում


Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը «Ազատության» տաղավարում, 27-ը հոկտեմբերի, 2017 թ․

«Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա»: Այս մասին հոկտեմբերի 24-ին ասել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն մնացականյանը»: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, նախարարը կարծիք էր հայտնել, թե լարվածությունը պայմանավորված է «դիպուկահարների պատերազմով»: Նա հավելել էր, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է հայ զինծառայող, և համարժեք պատասխանը չի ուշացել:

Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց: Մինչդեռ շատերը, այդ թվում՝ իշխող ուժի ներկայացուցիչները, հույս էին հայտնում, թե այդ հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազմանը: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ուղիղ եթերում այս հարցերի շուրջ իրենց նկատառումներն ու մոտեցումներն են ներկայացնում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինս վերահաստատեց իր այն գնահատականը, որ նախագահների մակարդակով ամեն հանդիպումից հետո Ադրբեջանն ավելի ուժգին կերպով է խախտում հրադադարն ու շարունակում սադրանքները, հետևաբար՝ Իլհամ Ալիևին ոչ մի պարագայում չի կարելի վստահել: Բացի այդ, ըստ Մարուքյանի, Հայաստանը բաց թողեց ապրիլյան պատերազմից հետո ստեղծված հնարավորությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային ասպարեզում ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ՝ «օգտվելով առկա փաստաթղթավորված տվյալներից»: Խոսքը գլխատված զինվորների, քաղաքացիական անձանց սպանությունների մասին է, և հայկական կողմը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ հնարավորությունից չի օգտվել:

Արմեն Աշոտյանը, մինչդեռ, նշում է՝ այն զգուշավոր լավատեսությունը, որն իշխող ուժի ներկայացուցիչներն ունեցել են մինչև նախագահների հանդիպումը, անհրաժեշտ է: «Եվ լավ է, որ նման լավատեսություն ունեն նաև խորհրդարանական բոլոր ուժերը, կիսելով այն մոտեցումը, որ խնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, անկախ Ադրբեջանի վայրագություններից»,- ասում է Աշոտյանը:

Ըստ նրա, Բաքվին միջազգային ասպարեզում հանցագործ ճանաչելու համար հարկ է ունենալ գերտերությունների աջակցությունը, ինչն այս պարագայում չկա: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ տվյալ պարագայում ավելի հեշտ է աշխատել Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ (այդ թվում տնտեսական) սահմանելու ուղղությամբ:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

XS
SM
MD
LG