Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ Չբացահայտվածության զգացողությունը տանում է կասկածների, ներսում թշնամիներ որոնելու դաշտ


Ազգային ժողովում այսօր հարգանքի տուրք մատուցեցին «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին․ նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, ապա նաև Ազգային ժողովի բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղիկներ դրեցին:

Լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե ողբերգությունը քաղաքական հիմքեր չունի․ - «Իմ կարծիքը դա է՝ ողբերգությունը չունի քաղաքկան հիմք: Եվ այն, ինչ որ դուք ասում եք՝ ունի արտաքին հետք, չեմ կարող պատասխանել, որովհետև չեմ գտնում դրա որևիցե կապը»:

Ուշագրավ է, որ, ի տարբերություն Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի, ով անցյալ տարի կարծիք էր հայտնել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը դրսից էր կազմակերպված, Արա Բաբլոյանն ասյօր ասաց, թե ոճրագործության հետևում արտաքին հետք չի տեսնում:

Ազգային ժողովի նախագահը նաև կարծիք հայտնեց՝ դժվար թե այլ որակի Հայաստան ունենայինք, եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ․ - «Ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, ես համոզված եմ, որ ոչ»:

«Ելք» ընդդիամդիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով, նման տեսակետը անարգանք է «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի նկատմամբ:

«Ելք» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն «Եռաբլուր» պանթեոնում ասաց, որ արդեն իսկ բարոյական հետընթացի մասին է վկայում այն, որ կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Հայաստանն իր ընթացքը ողբերգությունից հետո չի փոխել․ - «Հետ ընկնելու ամենացավոտ բանը բարոյականն է, որ մարդիկ, որոնք իրենց հոգու խորքում համարում են, որ «Հոկտեմբերի 27»-ով մեր երկիրը շատ հետ ընկավ, այսօր տեսախցիկների առաջ ասում են՝ դե որ չլիներ էլ, միևնույն է, երկրում շատ փոփոխություններ չէր լինի: Ես վստահ եմ, որ էդ մարդիկ էդպես չեն մտածում: Էդ մարդիկ ուղղակի վախենում են իրենց մտածածը բարձրաձայն ասել: Ինչո՞ւ: Որովհետև էդ կնշանակի, որ էս իշխանությունները վատ են աշխատում, էդ կնշանակի, որ էս իշխանությունները պակաս լեգիտիմ են, քան Կարեն Դեմիրճյան - Վազգեն Սարգսյան համագործակցության արդյունքում իշխանության եկած ուժն էր լեգիտիմ»:

Արամ Սարգյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը ուղիղ կապ ունի պետականության կայացման հետ․ - ««Անձնական վշտի զգացողություն կա: Նաև քաղաքական առումով պետության և քաղաքական դաշտին Հայաստանի տված խորը ու անդառնալի կորստի զգացողություն կա: Իսկ չբացահայտվածությունը այդ զգացողությունը տանում է նաև կասկածների, ներսում հակառակորդներ ու թշնամիներ ման գալու դաշտ, ինչը շատ-շատ վատ է»:

Այս իշխանությունների օրոք, սակայն, ըստ Արամ Սարգսյանի, «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվի․ - «Այս համակարգի դեպքում՝ այս դատական համակարգի, այս քննչական համակարգի, ովքեր «Հոկտեմբերի 27»-ից հետո նույն ակտիվությամբ կոծկեցին նաև «Մարտի 1»-ի տասը զոհերի գործը, այնպիսի կապերով են իրենց հետ կապված, ու այսօրվա դրությամբ ցանկացած հարց, որը որ բարձրացնես՝ «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի խնդրում, լուծումների չի տալու: Հետևաբար այս խնդիրները կբացահայտվեն միայն համակարգային հստակ փոփոխությունից հետո՝ կոնկրետ այս իշխանական էլիտայի հեռացումից, դատական համակարգում, օրենսդիր համակարգում ռեալ գործող անձանց փոփոխությունից հետո»:

Կոմիտասի անվան Պանթեոն և Եռաբլուր են այցելել Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները․ նրանք, սակայն, այսօր չցանկացան լրագրողների հետ խոսել:

Առավոտյան Եռաբլուր էին այցելե նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի ղեկավար կազմի և ազատամարտիկների ուղեկցությամբ:

18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի գլխավորած հանցախմբի կողմից սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Եվս 8 հոգի վիրավորվեց։

2003-ի դեկտեմբերին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին: Հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG