Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով Աբովյան փողոցի վրա գտնվող ՍԱՍ սուպերմարկետի տարածքը ճանաչել հանրային գերակա շահ։
Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ քաղաքի այդ հատվածը ծանրաբեռնված է, և այդտեղ մեքենա կայանելը մեծ խնդիր է։
«Հարակից գրեթե բոլոր փողոցներն իրենց լայնությամբ բավականին նեղ են՝ և՛ Իսահակյանը, և՛ Տերյանը, և՛ Մոսկովյանը, Նալբանդյանը, և այնտեղ տեղակայված են բազմաթիվ ուսումնական հաստատություններ, պետական, առևտրային օբյեկտներ, և ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք բեռնաթափման խնդիր, ունենք փողոցների լայնացման խնդիր, ունենք կայանատեղի ապահովելու խնդիր։ Իրականում այս երեքը փոխկապակցված են։ Մեր առաջարկը միտված է նրան, որ կարողանանք հարակից բոլոր տարածքների մեքենաների կայանումն արգելել և ավելի հարմարավետ որևէ տեղ ավտոկայանատեղի կառուցել, որը կլուծի և՛ կայանման խնդիրը, և՛ այդ փողոցների երթևեկելի գիծը կազատի ավտոկայանատեղիներից», - ասաց Խաժակյանը։
Նա նշեց, թե իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա համար ամենահարմար հատվածը Իսահակյան 35 հասցեում գտնվող այդ շինությունն է։
«Սուպերմարկետի տարածքը բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու համար բավականին հարմար է», - ասաց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե արդյո՞ք սա կոնկրետ անձով պայմանավորված չէ, ինչո՞ւ հենց այդ շենքը, Խաժակյանը պատասխանեց. - «Խնդիրը ոչ թե սուպերմարկետի չլինելն է, այլ որևէ տեղ շրջանայինում կառուցել բազմահարկ ավտոկայանատեղի։ Բոլոր նրանց, ովքեր նման մտահոգություն են հայտնում, ասում եմ՝ «ցույց տվեք ավելի հարմար տեղ, որտեղ հնարավոր կլինի կառուցել բազմահարկ ավտոկայանատեղի»։ Երբ մենք փնտրում ենք արդյունավետ լուծումներ, չենք նայում, թե որ քաղաքական ուժի հետ է դա առնչվում»։