Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Հայաստանը ծրագրում է Բրյուսելի ԱԳ գագաթնաժողովում ստորագրել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը


Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հետևյալն է՝ պաշտոնական Երևանը ծրագրում է այն ստորագրել հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին:

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նույն օրը «Ազատությանը» փոխանցել է, թե Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը հնարավոր է համարել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հետաձգումը:

Իոաննիսյանի վկայությամբ՝ Տալլինում գտնվող Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների խնդրանքով անդրադառնալով թեմային, Հանը հայտարարել է, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, թեև հնարավոր է, որ դա տեղի չունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ խնդիրներ են առաջացել հետաձգման համար, ուստի չի կարող ասել, թե ինչու է Հանը նման հայտարարություն արել։

«Մենք մեր կարծիքը հստակ ասել ենք, նոր բան չունենք ասելու, եթե մենք տեսնեինք, որ փաստաթղթի մեջ կա խնդիր, մենք չէինք նախաստորագրի։ Պարոն նախագահը շատ հստակ նշել է, որ մենք ծրագրում ենք ստորագրել, այլ բան չեմ կարող ասել», - ասաց Շարմազանովը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նոյեմբերի 24-ին չստորագրվի փաստաթուղթը, Հանրապետական կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասի՝ հնարավոր է, կամ հնարավոր չէ։ Ես ասացի, որ պարոն Հանն այսօր Տալլինում արդեն հայտարարել է, որ չի բացառում, որ կհետաձգվի, ես էլ ասում եմ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով՝ հանրապետության նախագահը նշել է՝ մենք ծրագրում ենք ստորագրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG