Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ Կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի Սիսիանի գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա միջոցառման հարցով:
«Որովհետև եթե մարդը կարծում է, որ քաղաքապետարանն իր սեփականությունն է, իսկ քաղաքապետարանի աշխատողները իր վասալներն են, որոնց կարող է հագցնել ինչ ուզում է և էժանագին շոու բեմադրել, այստեղ արդեն լուրջ մտորելու խնդիր ունեն այդ մարդու վերադասները», - ընդգծեց Զոհրաբյանը:
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի 39-ամյակի մասին պատմող տեսանյութը երեկ ողջ օրը թեժ քննարկման թեմա էր դարձել սոցիալական ցանցերում։ Տեսանյութում Արթուր Սարգսյանի դիմանկարով շապիկներ հագած քաղաքապետարանի աշխատակիցները աստիճանավանդակի ողջ երկայնքով սպասում են շնորհավորելու իրենց հերթին։ Ընթացքում հնչում է երաժշտություն, պահն ավելի տոնական են դարձնում առաստաղից քաղաքապետի վրա թափվող գունավոր թղթերը: Ապա՝ հենց աստիճանավանդակին կազմակերպվում է փոքրիկ հրավառությւուն: Տոնական մասն այսքանով չի ավարտվում․ Սարգսյանը խմիչքի բաժակը ձեռքին շնորհավորանքներ է ընդունում արդեն իր աշխատասենյակում, ունկնդրում իրեն ձոնված բանաստեղծություն, նվեր ստանում կոնյակ՝ պիտակի փոխարեն իր սեփական լուսանկարով:
Տարածվելուց հետո, սակայն, տեսանյութն այլևս հասանելի չէր Սիսիանի համայնքապետարան յութուբյան ալիքում:
Ծառուկյան դաշինքից Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ այս տոնակատարությունը պարտադրվել է Սիսիանի քաղաքապետի աշխատակիցներին․ - «Շատ լավ կարծիքի եմ իմ հայրենակիցների մասին և չեմ կարծում, որ իրենք կամովին կարող էին այդ կամուֆլյաժը՝ քաղաքապետի նկարով, հագնել և մասնակցել ինքնանվաստացման այդ բեմականացմանը»:
«Ազատության» հետ զրույցում Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն ասաց՝ իր ծննդյան օրը նշել են ապրիլի 28-ին, պնդեց՝ ոչ մի պարտադրանք չի եղել, աշխատակիցներն իրեն անակնկալ են մատուցել:
Հանրապետական Արթուր Սարգսյանը ոչ միայն Սիսիանի գործող քաղաքապետն է, այլ՝ քաղաքապետի թեկնածու է: Նա նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի ԲՀԿ-ից Կարեն Համբարձումյանի հետ:
Տեսանյութը ընտրություններից առաջ ԱԺ-ում քննարկման հարց դարձնելը Սարգսյանը պատահական չհամարեց:
«Այդ տեսանյութը եղել է 28-ին, եթե այդ տեսանյութը մարդկանց անհանգստացրել է, կարող էին 28-ին, 29-ին, մայիսին, հունիսին Ազգային ժողովում բարձրացնեին», - նշեց Սիսիանի քաղաքապետը: - «Հիմա ԲՀԿ-ից թեկնածու է առաջադրվել՝ նախկին քաղաքապետի փեսան է: Դրանից կարող եք վերլուծություն անել: Ես տեղյակ չեմ եղել, ծնունդից հետո բոլորին, ովքեր կազմակերպել են խիստ հորդորել եմ, որ չի կարելի նման բան անել, դրանից հետո չկրկնվի»:
«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է հորդորել, եթե տեսանյութը հայտնվել է YouTube-ում քաղաքապետարանի պաշտոնական էջում և միայն երեկվա արձագանքից հետո է հանվել, Արթուր Սարգսյանը պատասխանեց․ - «Ես չեմ իմացել: Եթե ես իմանայի, չէի թողնի որ տեղադրվեր: Ես տեղյակ էլ չեմ եղել, որ ընդհանրապես նկարվել է այդ ընթացքը»:
«Ազատության» դիտարկմանը, թե՝ ամեն դեպքում քաղաքապետին հաճելի էր տեղի ունեցածը, քանի որ հետո իր աշխատասենյակում շարունակվեց այդ տոնախմբությունը, Արթուր Սարգսյանն արձագանքեց․ - «Չէ․․․ հաճելի չէր՝ չի նշանակում, որ իմ ծննդյան օրն էր՝ պետք է հարամ անեի, բայց նրանից հետո զգուշացրել եմ, չի կարելի նման բաներ անել, հիմնարկում նշել և մնացած, մնացածը»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «երևույթին դեռ ծանոթ չեմ», բայց կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները Արթուր Սարգսյանին անակնկալ են մատուցել, պարտադրանք չի եղել․ - «Դա կարող է հանպատրաստից ինչ-որ բան է եղել, ես կծանոթանամ, և եթե պարզվի, որ դա այդ տարիքին հարիր երևույթ չի եղել, ես անպայման մի նկատողություն կանեմ»:
Արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ ամենից անձի պաշտամունքի հոտ է գալիս՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստացավ «հոտ քաշել ու պատասխանել»:
«Ի՞նչ է, ընտրությունից մեկ շաբաթ առաջ հիշեցի՞ն, որ Սիսիանի քաղաքապետը ծնունդ է ունեցել: Եվ ես հիշում եմ, որ իմ 15-ամյակը շատ շուքով է տոնվել», - ընդգծեց նա: Դիտարկմանը, թե՝ իր նկարով շապիկներ հագե՞լ էին հյուրերը, Բաղդասարյանը հակադարձեց․ - «Ափսոս այն ժամանակ չկային այդ բաները․․․ նկարահանումները, բայց ֆոտոնկարներ կուղարկեմ, որ մի օր էլ ինձ շահարկեն, որ 15 տարեկանը այս ինչ ճոխ են նշել»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ տեսանյութի առիթով հնչող քննադատությունը չի նվազեցրել Սիսիանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ վստահությունը: