Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի, Արմեն Լամբարյանի և Աշոտ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները


Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Ոստիկանության Պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործից առանձնացված վարույթներից մեկի դատաքննությունը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Այս վարույթով անցնում է 11 ամբաստանյալ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը և այլոք:

Չորս ամիս շարունակ փաստաբանների քննադատության թիրախում գտնվող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր մի քանի մերժման որոշումներ կայացրեց։ Նախ, նա մերժեց փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին։

Պապիկյանին միացած փաստաբանները այս էլ որերորդ անգամ կրկնեցին՝ Արտուշ Գաբրիելյանը չի հարգում օրենքը, նա չի կարող քննել այս գործը․ - «Սույն գործով Դուք՝ դատավոր Գաբրիելյանդ, հանդես չեք գալիս որպես անկողմնակալ: Նշված հիմքերը վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած, որ դատավոր Գաբրիելյանը, օրենքով սահմանված իր պարտականությունները և լիազորությունները խախտելով կամ չկատարելով, ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Վերոնշյալի հիման վրա մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ դատավոր Գաբրիելյանը սույն գործով ունի կողմնակալ վերաբերմունք, ինչը կարող է ազդել գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելուն: Ինչպես նաև սույն գործով ունի այնպիսի համոզմունք, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործի փաստերից, այլ հիմնված է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքների վրա»:

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն ու նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատավորին առաջարկեցին 1 միլիոն դոլարի գույք գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Եղնուկյանին։

Վերջինս հայտարարեց, որ ինքը քաղբանտարկայլ է, որ իր անմեղության կանխավարկածն ավելի քան մեկ տարի է խախտվում է։ Եղնուկյանը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկը․ «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի», - ասել էր նախագահը անցած հուլիսին։

«Այն փաստը, որ անհիմն, որը Սերժ Սարգսյանը շեշտել էր իր ելույթում, անհիմն ձևով կալանք է կիրառվում իմ նկատմամբ՝ առանց ասելու, թե կարող է խոչընդոտվել, կարող է փախնել, չհիմնավորելով դա, և դատարանները դա ընդունելով, իմ անմեղության կանխավարկածը արդեն կոպտորեն 15 ամիս շարունակաբար [խախտում են]... Դուք հիմա ունեք այդ առիթը, որ այդ անարդարությունը, սխալը, որ կիրառվել է մինչ օրս, կարող եք այսօր շտկել: Չեք շտկի՝ Դուք էլ կմիանաք մյուս դատավորներին»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, թե քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ, Եղնուկյանն անմեղ է․ - «Էնենց որ, Դուք անմեղ եք այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Դուք մի մտահոգվեք, էստեղ մենք հավաքվել ենք հենց էդ հարցերը բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննելու»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ Եղնուկյանին մեղադրում են մի հանցագործությանը օժանդակելու մեջ, որը տեղի չի ունեցել․ - «Հարգելի դատարան, օժանդակությունը այն արարքն է, որ այդ գործողությունները կատարելը բարձրացնում է հանցագործության կատարման հեշտությունը: Այսինքն՝ պետք ա օգուտ լինի սա հանցագործության կատարմանը: Եթե ապստամբները իրենք են ոստիկան պատանդներին բաց թողել, ինչպե՞ս կարող էր պարոն Եղնուկյանը օժանդակել, որ ոստիկան պատանդներին պահեին: Էն դեպքում, երբ որ նույն Վարուժան Ավետիսյանին չեն մեղադրում ոստիկան պատանդներ պահելու մեջ, որովհետև նա ոստիկան պատանդներին ազատ են արձակել»:

Մեղադրող դատախազները, սակայն, պնդեցին, թե Եղնուկյանը չի կարող ազատ արձակվել։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց թե՛ Եղնուկյանին, թե՛ մեղադրյալներ Աշոտ Պետրոսյանին և Արմեն Լամբարյանին կալանքի դիմաց ազատ արձակելու առաջարկները։ Արտուշ Գաբրիելյանը նաև մերժեց այս գործից առանձնացնել և առանձին վարույթում քննել Եղնուկյանի մասը:

Մերժումներից հետո Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ հոգեբանական ճնշման է ենթարկվում և հրաժարվում է նիստերին մասնակցել։

Ընդմիջումից հետո նրան նիստերի դահլիճ չբերեցին։ Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանն այս մասին հեռախոսով տեղեկացրեց ամերիկյան դեսպանատանը։

Զինված խմբի գործով ամբաստանյալների հիմնական մասը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են «Սասնա ծռերի» անդամներից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:

XS
SM
MD
LG