Մատչելիության հղումներ

Եղնուկյանին մերձավորների հետ տեսակցությունների, հեռախոսազրույցների թույլտվություն տրվեց


Կարո Եղնուկյանը դատարանում, արխիվ
Կարո Եղնուկյանը դատարանում, արխիվ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր մեկնարկեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործից առանձնացված վարույթներից մեկով դատաքննությունը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Այս վարույթով անցնում է 11 ամբաստանյալ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը, Կարո Եղնուկյանը և այլոք:

Հենց դատական նիստի սկզբից փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, հիշեցրեցին, որ նա անցած չորս ամիսների ընթացքում այդպես էլ դատական գործը նախապատրաստական փուլից քննություն չտարավ, չկարողացավ դատական նիստերը վարել և ամբաստանյալների մեծ թվի պատճառաբանությամբ առանձնացրեց գործի մի քանի վարույթներ: Նրանք պնդեցին, որ դատավորը շարունակաբար անհարգալից է վերաբերվում օրենքին, ինչպես նաև ամբաստանյալներին, և տարբեր պատճառաբանություններով, ինչպես փաստաբան Արայիկ Պապիկյանն էր նշում, «ապօրինի» սանկցիաներ է կիրառում ամբաստանյալների և փաստաբանների նկատմամբ:

Դատարանը խորհրդակցական սենյակ անցնելուց հետո մերժեց այս միջնորդությունը:

Այնուհետև սկսվեց Կարո Եղնուկյանին կալանքից ազատ արձակելու հարցի քննությունը: Խափանման միջոցը փոխելու համար ամբաստանյալը 1 միլիոն դոլարի գույք է առաջարկում որպես գրավ:

Հիշեցնենք՝ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ: Նա և իր փաստաբանը դատարանում պարբերաբար պնդում են, որ նախաքննական մարմինը այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչ գործողություններով է նա օժանդակել զինված խմբին: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մի քանի փաստարկ էր բերում՝ նշելով, որ նախաքննական մարմնի թվարկածները գործողություններ չեն և չէին կարող նպաստել «Սասնա ծռեր»-ին օժանդակելուն:

Դատարանը անցավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը այսօր որոշեց Կարո Եղնուկյանին թույլ տալ տեսակցել նաև մերձավորների հետ՝ նախկինում նրան թույլատրվել էր տեսակցել միայն ընտանիքի անդամների հետ:

Դատարանը որոշեց Եղնուկյանին և մեկ այլ ամբաստանյալի՝ Խաչատուր Գիչյանին թույլ տալ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով, հիշեցնենք, 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն էր ընթանում: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու գործերը բաժանեց երկուական առանձին վարույթների, այնուհետև երկու գործերի առանձնացրած վարույթները վերախմբավորեց երեք առանձին վարույթում։

Գործով ամբաստանյալների հիմնական մասը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG