Մատչելիության հղումներ

Թրամփը դժգոհ է ռուսների դիրքորոշումից Հյուսիսային Կորեայի հարցում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հյուսիսային Կորեային միջուկային զենքից զրկելու Ամերիկայի ջանքերը, մինչդեռ, Չինաստանն այդ խնդրում առավել նպաստավոր է գործում:

Fox Business Network ընկերությանը տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրն ավելի դյուրին կլիներ կարգավորել, եթե բարելավվեին Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերությունները:

«Չինաստանը մեզ օգնում է, իսկ Ռուսաստանը, հավանաբար, գնում է այլ ճանապարհով և խոչընդոտում մեր աշխատանքը», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային փորձարկումների և Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ունի փոխադարձ սպառնալիքների ու վիրավորանքների հետևանքով Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են:

Ռուսաստանը պահպանում է կապերը Հյուսիսային Կորեայի հետ, իսկ Չինաստանը համարվում է այդ երկրի հիմնական առևտրային գործընկերն ու դաշնակիցը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում ճգնաժամ է առաջացել 2014 թվականին Մոսկվայի կողմից Ղրիմը բռնակցելու հետևանքով, ապա երկու երկրների կապերն է՛լ ավելի են վատթարացել 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության կապակցությամբ:

«Կարծում եմ, մենք կարող էինք ավելի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, կարծում եմ, այդ դեպքում Հյուսիսային Կորեայի իրավիճակն ավելի հեշտ կլուծվեր», - ասել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG