Մատչելիության հղումներ

Պետք է պահպանել տարկետման ինստիտուտը և ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը․ «Ելք»-ի պատգամավոր


«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Ազատության» տաղավարում, 25-ը հոկտեմբերի, 2017 թ․

«Ճիշտ տարբերակն, այնուամենայնիվ, տարկետման ինստիտուտի պահպանումն է, այն զուգակցելով առողջապահություն, կրթության և առնչվող մյուս ոլորոտներում կոռուպցիայի դեմ պայքարի հետ»: «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագծի շուրջ ընթացող բուռն բանավեճերին, նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ արդյո՞ք օրինագծի դեմ բողոքող ուսանողների պայքարը կարող է ազդեցություն ունենալ նախաձեռնության հեղինակների վրա և իրավիճակ փոխել, Միրզոյանը պատասխանեց՝ 2004 թվականին ևս ուսանողները բողոքում էին համանաման մի նախագծի դեմ, և բողոքողների թիվն այն ժամանակ ևս սկզբնապես մեծ չէր, սակայն դիմադրությունն արդյունք տվեց: «Անպես որ՝ չենք կարող ասել, թե վաղն ինչ կլինի»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նախորդ անգամ Ազգային ժողովից օրենքի նախագծի հետկանչը, ըստ Միրզոյանի, երկու բացատրություն կարող է ունենալ՝ կամ փաստաթղթի հեղինակներն ընդունեցին ընդդիմախոսների բոլոր փաստարկները, կամ պարզապես տեղի տվեցին դիմադրության առաջ: Ինչ վերաբերում է ներկայիս օրինագծին, ապա Արարատ Միրզոյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ զրույցից տպավորություն է ստացել, որ նախարարը դեմ չէ «հանրային բանակցություների» արդյունքում փոխզիջումային տարբերակ գտնելուն:

Ըստ «Ելք»-ի պատգամավորի, «վատագույն դեպքում» այդ օրենքը «գոնե չպետք է տարածել արդեն իսկ կրթական որոշակի ցիկլեր ավարտած և իրենց կյանքը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան պլանավորած երիտասարդների վրա»:

Հիշեցնենք՝ ըստ քննարկվող օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ պարագայում, արդեն ուսումնառությունից հետո, քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG