Մատչելիության հղումներ

Բաղդադը պահանջում է առանց վերապահումների չեղարկել քրդական հանրաքվեն


Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, Թեհրան, 26-ը հոկտեմբերի, 2017թ.
Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, Թեհրան, 26-ը հոկտեմբերի, 2017թ.

Բաղդադը պահանջում է ոչ թե սառեցնել իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները, այլ ընդհանրապես չեղյալ հայտարարել հանրաքվեն:

Հոկտեմբերի 24-ին իրաքյան Քուրդիստանի ղեկավարներն առաջարկել են «անհապաղ հաստատել հրադադար», խոստանալով դրա դիմաց «սառեցնել հանրաքվեի արդյուքները և Իրաքի Սահմանադրության հիման վրա սկսել բանակցություններ դաշնային կառավարության հետ»: Սակայն պաշտոնական Բաղդադը մերժել է այդ առաջարկը:

«Մեզ համար ընդունելի է միայն հանրաքվեի չեղարկումը և հարգանքը Սահմանադրության նկատմամբ», - այսօր հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին, ով հիմա գտնվում է Իրանում:

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած հանրաքվեի մասնակիցների մոտ 93 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Պաշտոնական Բաղդադը, ինչպես նաև Թեհրանը, Անկարան և միջազգային համայնքը հանրաքվեն չեն ճանաչում:

Իրաքյան ուժերն Իրանի աջակցությամբ գործող շիա զինյալների հետ անցած շաբաթ գրավել են փեշմերգայի՝ քրդական զինված ջոկատների հսկողության տակ գտնվող նավթով հարուստ Քիրքուքի շրջանը:

Փեշմերգան անցած տարիների ընթացքում կարողացել էր այդ շրջանից դուրս մղել «Իսլամական պետության» ստորաբաժանումները:

Քրդերի և շիա զինյալների միջև վերջին օրերին տեղի ունեցած բախումներում երկու կողմից զոհվել են տասնյակ մարտիկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG