Կրեմլը քննադատել է հեռուստաաստղ Քսենիա Սոբչակին՝ «Ղրիմը պատկանում է Ուկրաինային» խոսքերի համար:
Սոբչակը այդ մասին խոսել էր Ռուսաստանի 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունից հետո իր առաջին ասուլիսի ժամանակ: «Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմը պատկանում է Ուկրաինային, և Ռուսաստանը, 2014-ին բռնակցելով այն, խախտել է 1994-ին տված խոստումը, որով պետք է պաշտպաներ Ուկրաինայի ինքնիշխանությունը», - հայտարարել էր հեռուստաաստղը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երեկ մեկնաբանելով Սոբչակի խոսքերը, ասել է, որ դրանք սխալ են՝ ըստ էության և ըստ ձևի: «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասն է», - հավելել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Նկատենք, որ ռուսաստանցի ազգայնական օրենսդիր Վլադիմիր Ժիրինովսկին էլ, իր հերթին, հայտարարել է, թե այդպիսի խոսքերի համար Քսենիա Սոբչակին պետք է բանտ նստեցնել: