Մատչելիության հղումներ

Վարչապետի «հակասահմանադրական» բացակայությունը ԱԺ-ից հարուցեց «Ելք»-ի զայրույթը


Վարչապետի բացակայությունը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հարուցեց ընդդիմադիր «Ելք»-ի զայրույթը՝ չնայած խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի բացատրությանը, թե նույն ժամին Կարեն Կարապետյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Նիկոլ Փաշինյանը տեղից բացականչեց՝ վարչապետի բացակայությունը հակասահմանադրական է: «Ելք»-ից Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը ու Էդմոն Մարուքյանը լրացրին՝ հարցեր ունեին տալու վարչապետին, բայց քանի որ նա, խախտելով Սահմանադրությունը, չի ներկայացել՝ չեն կարող դա անել:

Նիկոլ Փաշինյանն իր հարցն, այնուամենայնիվ, ուղղեց անձամբ Կարեն Կարապետյանին՝ հեգնելով, թե դահլիճում հերյուրանքներ են տարածվել, որ վարչապետը բացակայում է:

«Բարի երեկո, պարոն վարչապետ: Ուրախ ենք, Ձեզ այսօր խորհրդարանում տեսնել և ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին», - նշեց պատգամավորը: Կարեն Կարապետյանի դատարկ աթոռին նայելով՝ Փաշինյանը շարունակեց՝ ճի՞շտ են մամուլի տեղեկությունները, թե պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, որ 2018-ի ապրիլից վարչապետի պաշտոնը փոխանցելու է նրան՝ ինքը դառնալով փոխվարչապետ: - «Ոմանք Ձեզ փորձում էին ներկայացնել, որպես փոփոխությունների ավետաբեր: Եվ հիմա այս հարցի պատասխանից է կախված, թե Դուք իրականում փոփոխությունների ավետաբեր եք, թե՞ ճահճացման մունետիկ»:

Արա Բաբլոյանը փոձեց կատակելով առաջ անցնել․- «Ձեր հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության վարչապետը: Հիմա սպասեք՝ թող պատասխանի»:

«Պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ Դուք այս հարցին պատասխանելու համար մտածելու կարիք ունեք, և ես Ձեզ սիրով տրամադրում եմ այդ ժամանակը: Մտածեք և հաջորդ անգամ պատրաստված եկեք, շնորհակալություն», - հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG