Մատչելիության հղումներ

Գրող, հրապարակախոս Սոնա Վանը 2 տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնք արդեն իսկ թարգմանվել են աշխարհի ավելի քան 20 լեզուներով: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, 2 գիրք հրատարակեց՝ «Լիբրետո անապատի համար» ժողովածուն՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, և «Չընդհատված Շահրեզադե» ծավալուն հատընտիրը, որոնք նույնպես ոչ միայն արդեն թարգմանվել, այլև միջազգային մրցանակների են արժանացել:

«Լիրբրետո անապատի համար» ժողովածուն արդեն իսկ թարգմանվել է 12 լեզուներով այս երկու տարիների ընթացքում և ահա օրերս էլ գրքի լեհերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ լեհական Բեթգոշչ քաղաքում, որտեղ հրավիրվել էր նաև Սոնա Վանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով վերջին երկու տարիներին հրատարակած իր գրքերն ու դրանց թարգմանությունները, նա շեշտում էր, որ հենց Լեհաստանում էլ եռօրյա միջազգային գրական սիմպոզիումի ժամանակ է տեղի ունեցել իր գրքի լեհերն թարգմանության շնորհանդեսը և հենց այդ սիմպոզիումի ընթացքում Սոնա Վանը միանգամից երկու միջազգային գրական մրցանակի է արժանացել՝ Հոմերոսի անվան գրական եվրոպական մրցանակին և 15-րդ դարի լեհ անվանի բանաստեղծ Կլեմենս Յանիցկու անվան մրցանակին:

«Այդ երեքօրյա սիմպոզիումի շրջանակներում մի օրը հատկացված էր պոեզիային, և կարող եմ ասել՝ հիմնականում ինձ, որպես հյուր գրող, որպես օտար լեզվով գրող, թարգմանված գրող», - պատմեց նա:

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուն այս երկու տարիների ընթացքում ոչ միայն հրատարակվել է ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով, այլև անցյալ տարի հրատարակվել է նաև Թուրքիայում՝ Ստամբուլի հանրահայտ «Բելգե» հրատարակչությունն է թուրքերեն հրատարակել այն 1500 օրինակով:
Գրքի թուրքերեն հրատարակության խմբագիրն ու առաջաբանի հեղինակը հենց հրատարակչության տնօրենն է՝ հայերիս լավ ծանոթ Ռագըփ Զարաքոլուն՝ թուրք նշանավոր գրող, հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան, թուրքական իշխանությունների կողմից բազմիցս հետապնդված և բանտարկված:

Ցավոք, անցյալ տարի ևս Ռագըփ Զառաքոլուն ենթարկվեց բռնաճնշումների, ստիպված եղավ հեռանալ հայրենիքից, իսկ նրա հրատարակչությունն ու տպագրատունը ոչ միան փակվեցին իշխանությունների կողմից, այլև բռնագրավվեցին այնտեղ գտնվող արդեն իսկ տպագրված բոլոր գրքերի, այդ թվում և Սոնա Վանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ժողովածուի տպաքանակը: Բարեբախտաբար, ինչպես այսօր ասում էր Սոնա Վանը, մինչ այդ հրատարակիչը հասցրել էր Երևան ուղարկել գրքի տպաքանակի մի փոքր մասը՝ 100 կտոր, մնացած 1400 օրինակի ճակատագիրը մինչև այժմ անհայտ է․ - «Իմ նպատակը չէր, որ միայն հայ ընթերցողը ունենա այդ գիրքը, այլ նաև թուրք մտավորականները, գրողները: Ինչպես գիտենք, այսօր այնտեղ մեծ շարժում կա, դեմոկրատական շարժում, որոնք կողմնակից չեն Էրդողանի որոշումներին, ուրացման նրա պլանին և այլն: Գտա, որ շատ ճիշտ ժամանակ է, որպեսզի ես կարողանամ իմ գրքով ներկայանալ թուրք գրողներին ու մտավորականներին: Զարաքոլին պլանավորում էր այդ հանդիպումը․ ես պիտի լինեի Ստամբուլում, հանդիպեի թուրք մտավորականների հետ, երբ լսեցի, որ երեք թուրքական հրատարակչություններ Էրդողանի հրամանով փակվել են: Դրանցից մեկը հենց Զարաքոլիի հրատարակչությունն էր»:

Այժմ Սոնա Վանն ասաց, որ առաջիկայում կհրատարակի երկու նոր գիրք․ մեկը բանաստեղծական ժողովածու է, մյուսը արձակ է, իր ինքակենսագրականն է՝ իր ընտանիքի պատմության միջոցով․ - «Կոչվում է «Կենսագրության փոխարեն»: Դրա հիմքի վրա ես պատրաստում եմ ինքնակենսագրական: Երևի թե սա նոր ոճ է, որովհետև սա նովել չէ, ոչ էլ կենսագրություն է: Երկուսի խառնուրդն է, որի միջոցով ընթերցողը կճանաչի ինձ՝ իմ նախնիների հայելիների միջոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG