Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նախկին Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և իրավապաշտպանների հետ:
Սա Գերմանիայի առաջին նախագահական այցն է Ռուսաստան վերջին յոթ տարիների ընթացքում, որն իրականացվում է Մոսկվայի հետ Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին:
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները 2014-ից պատժամիջոցներ են սահմանել Կրեմլի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցումից հետո:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում Շտայնմայերը հույս է հայտնել, թե Պուտինի հետ հանդիպումը «հնարավորություն կտա հասկանալ՝ արդյոք հեռանկարներ կան կողմերի միջև վստահությունն ամրապնդելու և ստեղծված լարվածությունը հաղթահարելու համար»: