Մատչելիության հղումներ

Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդ անգամ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց


Կրիշտիանու Ռոնալդուն հերական անգամ ստացել է «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը, Լոնդոն, 23 հոկտեմբերի, 2017թ.
Կրիշտիանու Ռոնալդուն հերական անգամ ստացել է «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը, Լոնդոն, 23 հոկտեմբերի, 2017թ.

Լավագույն ֆուտբոլիստները մեծ մասը նախապատվությունը տալիս է իսպանական Լա Լիգային:

«Երկար տարիների նվիրվածություն»

Երեկ երեկոյան ՖԻՖԱ-ն հրապարակել է արդիական ֆուտբոլի թիվ մեկ աստղերի անունները: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ֆուտբոլի ծննդավայր համարվող երկրի՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:

Լավագույն ֆուտբոլիստ, լավագույն դարպասապահ, լավագույն մարզիչ, լավագույն գոլի հեղինակ, երկրպագուների ընտրություն՝ այս անվանակարգերում հաղթողների անունները երեկ հայտնի դարձան Լոնդոնի «Պալլադիում» սրահում:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, ընդ որում՝ արդեն հինգերորդ անգամ: Ո՞րն է հաջողության գաղտնիքը: «Շատ, շատ աշխատանք, շատ ժամանակ խաղադաշտում, մարզադահլիճում՝ աթլետիկայի գծով մարզիչների հետ, շատ սառը ջուր, շատ տաք ջուր, շատ մերսում, շատ ուտելիք և երկար տարիների նվիրվածություն»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Եզրափակիչ եռյակում էր Ռոնալդուի մշտական մրցակիցը՝ Արգենտինայի հավաքականի ավագ և «Բարսելոնայի» առաջատար ռմբարկու Լիոնել Մեսսին: Եռյակի մյուս անդամը «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված՝ Բրազիլիայի ընտրանու աստղ Նեյմարն է: «Շնորհավորում եմ Կրիշտիանուին, ինձ համար մեծ պատիվ է այս եռյակում հայտնվել, հուսով եմ, որ մի օր ես էլ նրա հաջողությունը կկրկնեմ»,- ասել է Նեյմարը:

«Շարունակելու ենք մեծ պատմության կերտումը»

Լավագույն մարզիչ է ճանաչվել Մարդիդի «Ռեալի» ավագ մարզիչ և նախկին աստղ Զինեդին Զիդանը: «Կարծում եմ, այս ակումբը հատուկ պատմություն ունի, «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, մենք ուզում ենք շարունակել այդ մեծ պատմության կերտումը, խաղացողները, բոլորը դրան են ձգտում»,- ասել է Զիդանը:

Երեկ ՖԻՖԱ-ն հայտնել է նաև լավագույն գոլի հեղինակի անունը: Այդ անվանակարգում հաղթողին տրվում է հունգարացի լեգենդար ռմբարկու Ֆերենց Պուշկաշի մրցանակը: Այս տարի այդ պատվին արժանացել է Լոնդոնի «Արսենալի» կազմում հանդես եկող ֆրանսիացի Օլիվեր Ժիրուն, ով «կարիճ» հարվածով աներևակայելի գեղեցիկ գոլ է խփել Քրիստալ Թալասի դարպասը: «Երջանիկ եմ այդ գոլի համար, դա իմ ամենակարևոր գոլերից էր, չեմ կարծում, որ երբևէ կհաջողվի նման գոլ կրկնել, արտառոց զգացում է»,- ասել է Ժիրուն:

Լավագույն դարպասապահ է ճանաչվել Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» վետերան Ջանլուիջի Բուֆոնը: «Շատ երջանիկ եմ, մեծ պատիվ է այս ճանաչումը, կարծում եմ, դրան արժանի եմ, որովհետև անցյալ տարին շատ կարևոր և հաջողված մրցաշրջան էր իմ և «Յուվենտուսի» համար, երբ քրտնաջան ու անտրտունջ աշխատում ես, երազանքդ մի օր կատարվում է»,- ասել է Բուֆոնը:

Լավագույն ֆուտբոլիստների ընդհանուր ցանկում հինգ խաղացող Մադրիդի «Ռեալից» են, ևս երեքը՝ «Բարսելոնայից»:

Լավագույն երկրպագուները՝ «Սելթիկի» նվիրյալներն են

ՖԻՖԱ-ն նաև ընտրել է ակումբների լավագույն երկրպագուներին: Այս տարի այդ պատվին են արժանացել շոտլանդական «Սելթիկի» երկրպագուները, ովքեր մայիսին մարզադաշտում կազմակերպել են «Լիսաբոնի առյուծներ» ֆլեշմոբը, նվիրված 1967 թվականին Լիսաբոնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտեր» Միլանի նկատմամբ իրենց թիմի հաղթանակի 50-ամյակին:

Նշենք, որ տասնամյակներ շարունակ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը ստանում է Ballon d'or-ը՝ «Ոսկե գնդակը»: Մրցանակը 1956 թվականին սահմանել են Փարիզում հրատարակվող մարզական հանդեսի՝ «France Football»-ի լրագրողները:

«Ոսկե գնդակ», «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ», «Լավագույն ֆուտբոլիստ»

Նախկինում «Ոսկե գնդակը» տրվել է եվրոպացի ֆուտբոլիստներին, 1995-ից մրցանակը տրվել է նաև Եվրոպայում խաղացող այլ մայր ցամաքների մարզիկներին, իսկ 2007 թվականից հանդեսը մրցանակը հանձնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ անկախ այն բանից, թե որ մայր ցամաքում է խաղում ֆուտբոլիստը: Հաղթողի անունը որոշվել է մարզական լրագրողների քվեարկությամբ:

2010-2015 թվականներին ՖԻՖԱ-ն և հանդեսը համաձայնել են միացյալ մրցանակ ստեղծել և այն անվանել են «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ»: 2016 թվականին համաձայնությունն ընդհատվել է, «France Football»-ը նորից լրագրողների քվեարկությամբ է ընտրում «Ոսկե գնդակի» հաղթողին, իսկ ՖԻՖԱ-ն իր սեփական հարցումն է անցկացնում և ընտրում լավագույն ֆուտբոլիստին:

Ըստ Մխիթարյանի, լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է

Հարցմանը մասնակցում են ազգային հավաքականների ավագները: Ահավասիկ՝ Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի կազմած եռյակը՝ առաջինը Կրիշտիանու Ռոնալդու (5 միավոր), երկրորդը՝ Ջանլուիջի Բուֆոն (3 միավոր), երրորդը Նեյմար (1 միավոր):

Մխիթարյանը ... անտեսում է Մոուրինյոյին

Ուշագրավ է, որ Մխիթարյանը լավագույն մարզիչ է համարում Զինեդին Զիդանին: Մինչդեռ, օրինակ, ըստ Բութանի հավաքականի ավագ Շեդրուպ Կարմանի, լավագույնը «Մանչեստեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն է:

Բրիտանական մամուլի ուշադրությունից չի վրիպել այդ հանգամանքը: «Հենրիխ Մխիթարյանն անտեսեց Ժոզե Մոուրինյոյին» վերտառությամբ հոդվածում «Մետրո» պարբերականը գրել է՝ «թեպետ ֆուտբոլիստները, որպես կանոն, լավագույն մարզիչ են համարում իրենց թիմի ղեկավարին, Մխիթարյանը Մոուրինյոյին նույնիսկ եռյակում չի ընդգրկել»:

Մոլորակի ընտրանին

2017 թվականի ընտրալների հավաքականում են Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Լեոնարդո Բոնուչին (Իտալիա, «Միլան»), Սերխիո Ռամոսը (Իսպանիա, «Ռեալ»), Մարսելոն (Բրազիլիա, «Ռեալ»), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա, «Ռեալ»), Տոնի Կրոոսը (Գերմանիա, «Ռեալ»), Դանի Ալվեսը (Բրազիլիա, «Պարի Սեն Ժերմեն»), Անդրեաս Ինյեստան (Իսպանիա, «Բարսելոնա»), Լիոնել Մեսսին (Արգենտինա, «Բարսելոնա», Նեյմարը (Բրազիլիա, մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն») և Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ»):

Կանանց ֆուտբոլի աշխարհում առաջատարը Հոլանդիան է

Հոլանդիայի հավաքականի աստղ Լիեկե Մարտինսը ճանաչվել է լավագույն կին ֆուտբոլիստ, իսկ Սարինա Վիգմանը (Հոլանդիա) ճանաչվել է լավագույն կին մարզիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG