Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հարցում է ուղարկել «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով ստուգել 2016 թվականին Բրեքզիթի հանրաքվեից առաջ ցանցում ռուսաստանյան վճարովի գրառումների բովանդակությունը: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Փաստաթղթի հեղինակը ՄԲ խորհրդարանի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, մեդիայի և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Դամիան Քոլլինզն է: Հարցումն ուղարկվել է հետաքննության շրջանակներում, որը պետք է պարզի սոցիալական ցանցերում կեղծ տեղեկությունների տարածման հնարավոր աղբյուրները:
Քոլլինզը Ցուկերբերգին խնդրել է բրիտանական կառավարությանը փոխանցել ռուսաստանյան օգտատերերի կողմից գնված գովազդային բովանդակության, ինչպես նաև նրանց թիրախային խմբերի և դիտումների քանակի մասին տեղեկատվություն: Սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ «Facebook»-ը շուրջ 500 կեղծ գրառումներ և էջեր է հայտնաբերել, որոնք 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական գովազդներ են տարածել: Ընկերության տվյալներով՝ այդ բոլոր էջերը կառավարվել են Ռուսաստանից: Գովազդի վաճառքի հետ կապված տեղեկատվությունը «Facebook»-ն ուղարկել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին: