Մատչելիության հղումներ

ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիրների ներկայացրած օրինագծերը լիագումար նիստում քննարկելուն


Խորհրդարանական մեծամասնությունը այսօր թույլ չտվեց, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած 3 նախագծերը, որոնք բացասական եզրակացություն էին ստացել հանձնաժողովներում, հասնեն լիագումար նիստի քննարկմանը:

«Ելք» խմբակցությունն իր նախագծով ցանկանում էր հստակեցնել, թե ովքեր կարող են առանց հատուկ թույլտվության այցելել կալանավորների կամ ձերբակալվածների պահման վայրեր: Թեև օրենքում նշված է, որ, օրինակ, նախագահը, դատախազը, օմբուդսմենը կամ պատգամավորները կարիք չունեն նման թույլտվության, սակայն բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Նիկոլ Փաշինյանին, օրինակ, թույլ չեն տվել մտնել կալանավայր՝ պատճառաբանելով, թե քննիչը արգելել է տեսակցությունները: Հենց օրենքի նման մեկնաբանությունները բացառելու համար «Ելքը» օրենսդրական փոփոխություն էր առաջարկել:

Իսկ «Ծառուկյան» դաշինքը նախագծերից մեկով առաջարկել էր նախաքննության ընթացքում տեսաձայնագրել մեղադրյալի կամ կասկածյալի հարցաքննությունը՝ այդկերպ բացառելով նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը:
Դաշինքը նաև սոցիալական հնչեղության մի խնդրի վերաբերյալ էր նախագիծ առաջարկել: Բանն այն է, որ 2019 թվականին դարձյալ նախատեսվում է իջեցնել շրջանառության հարկի շեմը՝ 2015-ից գործող 115 միլիոնից դարձնել 58 մլն դրամ տարեկան: «Ծառուկյան» դաշինքը առաջարկում է շեմն անփոփոխ թողնել:

ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած այս երեք նախագծերը իշխող մեծամասնությունը քվեարկությամբ թույլ չտվեց լիագումար նիստի օրակարգ հասցնել:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց․ - «Այս կառավարությունը բնավ օրինագինալ չէ և շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվեյերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական առաջարկները»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց․ - «Ես խնդրում եմ դինամիկան նայեք և վիճակագրությունը: Կտեսնեք, որ լրիվ հակառակ պատկերն է: Այն բոլոր առաջարկությունները, որոնք տրամաբանական են, քննարկվում են մեծամասնության կողմից, և դրանք կյանքի են բերվում: Դա առաջին: Երկրորդը, եթե կա քննարկման անհրաժեշտություն Կանոնակարգ օրենքը, հարգելի գործընկերներ, ձեզ թույլ է տալիս այդ օրենսդրական նախաձեռնությունները ճանաչել հրատապ և անհետաձգելի, և Կանոնակարգ օրենքի համապատասխան դուք բերեք մտցնեք և քննարկման առարկա դարձնեք: Այստեղ պարզապես նման շոուի վերածելով որևէ արդյունքի չեք հասնելու»:

Ըստ «Պարլամենտ մոնիտորինգ» կայքի, նախորդ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հեղինակած նախագծերի ճնշող մեծամասնությունը քննարկման չի հասել: Ընդդիմադիրների միայն 10 նախագիծ է ընդունել, 10 նախագիծ քննարկվել և մերժվել է, իսկ 58 նախագիծ անգամ օրակարգ չի հասել:

Նաիրա Զոհրաբյան․ - «Էստեղ ասվեց, որ՝ մի հատ նայեք վիճակագրությունը, ոչ բոլոր նախագծերն են մերժվել ընդդիմության: Եթե մի նախագիծ էլ ընդունեք եք, դրական եզրակացություն եք տվել, դա չի նշանակում, որ պիտի մի հատ գրավոր շնորհակալություն հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք մեր շնորհակալությունը ավելի հանգամանալից ներկայացնելու համար․․․ Անհարմար է էստեղից էդպիսի բաներ ասելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG