ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը այցելում է Ֆիլիպիններ, որտեղ այսօր հանդիպելու է նախագահ Ռոդրիգո Դուտարտեի հետ:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է կոշտ հակաամերիկյան հռետորաբանությամբ և չի թաքցնում Ամերիկայի մրցակիցներ Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապերը սերտացնելու իր պլանները:
Դուտարտեն պլանավորում է հանդիպել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ով Մանիլայում մասնակցում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների հավաքին:
Մանիլայում նախատեսված է նաև Մաթիսի և Շոյգուի հանդիպումը:
Ֆիլիպիններում Միացյալ Նահանգների դեսպան Սուն Քիմը հայտարարել է, թե չարժե անհանգստանալ Դուտարտեի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ «սիրախաղերով», քանի որ, դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը Ֆիլիպինների միակ դաշնակիցն է, որի հետ այդ երկիրը անվտանգության մասին պայմանագիր ունի: Դեսպանը նշել է նաև, որ վտանգ չի տեսնում Չինաստանի և Ռուսաստանի կողմից Ֆիլիպիններին ռազմական տեխնիկա տրամադրելու մեջ: