Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին ռուսաստանցիներին կոչ է անում չբոյկոտել նախագահական ընտրությունները


Միխայիլ Խոդորկովսկի, մարտ, 2017թ․
Միխայիլ Խոդորկովսկի, մարտ, 2017թ․

«Բաց Ռուսաստան» շարժման հիմնադիր, ՅՈւԿՕՍ-ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին կոչ է արել չբոյկոտել Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրությունները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Խոդորկովսկու՝ սոցցանցերում հրապարակված ելույթը:

Ընտրություններից հինգ ամիս առաջ Խոդորկովսկին ռուսաստանցիներին կոչ է անում մասնակցել «քաղաքական այդ գործողություններին» և օգտվել այն հանգամանքից, որ, իր խոսքերով՝ «իշխանությունը ավելի խոցելի է դառնում, իսկ հասարակությունը՝ քաղաքականացված»:

Նրա կարծիքով՝ սպասվող քվեարկությունը ընտրություններ չեն, սակայն բոյկոտել չարժե: Փոխարենը, Խոդորկովսկին ժողովրդավարական ուժերին առաջարկում է հասնել բոլոր թեկնածուների գրանցմանը, ովքեր ի վիճակի են ձայներ հավաքել, բարձրաձայնել, երբ իշխանությունները կփորձեն խոչընդոտել գրանցման գործընթացին: Բացի այդ, նախկին գործարարը կարծում է, որ անհրաժեշտ է լսելի դարձնել բողոքի ձայնը, այսինքն՝ հրաժարվել քվեարկել «նախապես որոշված հաղթող թեկնածուի օգտին»:

ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը նաև կոչ է արել աջակցել թեկնածուների կողմից Ռուսաստանի ապագայի համար «սկզբունքային հարցերի» առաջմղմանը: Ըստ Խոդորկովսկու՝ այդ հարցերից են երկրի ապակենտրոնացումը, դատական համակարգի անկախությունը և ամենակարևորը՝ խորհրդարանական կառավարման կարգին անցնելը, նախագահի լիազորությունների կտրուկ կրճատումը՝ մասնավորապես ներքաղաքական ոլորտում:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են 2018 թվականի մարտի 18-ին: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առայժմ չի հայտարարել կրկին առաջադրվելու մտադրության մասին: Պուտինի ընդդիմախոս, հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին, ով ավելի վաղ ցանկություն էր հայտնել մասնակցելու ընտրություններին, իրեն որպես թեկնածու չգրանցելու դեպքում կոչ է արել բոյկոտել քվեարկությունը: Հոկտեմբերի 18-ին առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG