ԵԱՀԿ առաքելությունը վաղը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը։
«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, կիրակի օրը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ, երկուշաբթի օրն էլ շփման գոտու արևելյան ուղղությամբ կիրառել են «ՍՊԱՅԿ» հրթիռ: