Մատչելիության հղումներ

Գյումրիի տեքստիլագործները բողոքում են ֆինանսների սղությունից


Գյումրիում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են՝ բազմաթիվ խնդիրների են բախվում ոլորտում՝ սկսած հումքի ներկրումից մինչև մասնագետների բացակայությունը:

Խնդիրները համակարգելու և Կառավարությանը ներկայացնելու համար այսօր Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում քննարկում տեղի ունեցավ, որին Գյումրիում գործող 13 ընկերություններից միայն 4-ն էր ներկա:

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանն, ով նաև ոլորտի խոշոր արտադրողներից մեկի՝ «Լենտեքսի» տնօրենն է, տեքստիլագործների գերխնդիրը համարեց ֆինանսների բացակայությունը:

«Մեր ընկերությունները ֆինանսներ չունեն, որպեսզի կարողանան թարմացնեն սարքավորումները, հումք բերեն», - նշեց Գոմցյանը:

Խորհրդային տարիներին իր տեքստիլ արտադրանքով հայտնի Գյումրիում ոլորտը շուրջ 20 հազար աշխատատեղ էր ապահովում, հիմա 13 միջին ու փոքր ընկերությունները հազիվ 1,000 աշխատատեղ են ստեղծել:

«Սարոտեքս» ընկերության տնօրեն Սարիբեկ Զարգարյանը կարևորեց արտոնությունների տրամադրումը՝ մատնանշելով հարևան Վրաստանի օրինակը: - «Վրաստանում հինգ տարի տալիս են արտոնություն՝ աշխատելու», - պատմեց նա:

Տեքստիլ արտադրության զարգացմանը խանգարում է նաև հումքի ներկրման հեռավորությունն ու դրա մաքսազերծման բարձրացող արժեքը: Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ տեղական արտադրողին նաև ներմուծողներն են խանգարում: Ներմուծված պատրաստի արտադրանքն ավելի էժան է, քան տեղականը և ցածր գնողունակության պայմաններում գնորդը էժան ապրանքին է նախապատվություն տալիս:

Թեև հայկական արտադրության տեքստիլը դրսում, օրինակ, Ռուսաստանում բավականին պահանջարկ ունի, բայց արտահանման հետ կապված խնդիրներ էլ կան:

«Որպեսզի արտահանես, պետք է ունենաս մի քանի միլիոնի ապրանք, որ տաս՝ առաջինը, երկրորդը, երրորդը: Մեծ ծավալներ է պետք, որպեսզի ար

Գյումրեցի տեքստիլագործները այսօր նաև շեշտեցին, որ իրենց համար դժվար է նույնիսկ Երևանի շուկա մտնել: Անուններ չտալով ասացին, որ կա արտադրողը, որը նաև առևտրի մեծ ցանց ունի, որտեղ միայն իր արտադրանքն է իրացնում:

Այդուհանդերձ, խնդիրներից բացի տեքստիլագործները մեկ դրական տեղաշարժի մասին էլ խոսեցին: Հաջորդ տարվանից հումքի ու մեքենասարքավորումների ներկրման համար ավելացված արժեքի հարկը կհանվի, ինչը ընկերություններին թույլ կտա վերազինվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG