Մատչելիության հղումներ

Համայնքների խոշորացումը «չի նպաստի ավագանու դերի բարձրացմանը»


Տեղական ընտրությունների պատրաստվող բնակավայրերում անհանգստություն կա, թե համայնքների խոշորացումը ևս էականորեն չի նպաստի ավագանու դերի բարձրացմանը։

ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանը, ով Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում ավագանու անդամի թեկնածու է, ասում է, թե ավագանու ընտրություններով միավորվող գյուղերի համայնքապետերն ընդամենը փորձում են պահպանել իրենց ազդեցությունը պաշտոնը թողնելուց հետո․ - «Ամեն էսօրվա գործող գյուղապետ մեկ-երկու յուրային ավագանու թեկնածու ա գրել տվել ցուցակում, որպեսզի վաղը ընտրված համայնքի ղեկավարի վրա փորձի էդ ավագանու միջոցով ազդի, որ իրան գործից չհանեն, գոնե նշանակեն որպես վարչական միավորի ղեկավար: Էդ ինստիտուտը, ցավոք սրտի, նորից ձևավորվում ա առանց քաղաքականացվելու, զուտ տնավարի մի բան»։

Վռամ Գյուլզադյանը մտավախություն ունի, թե ավագանու անդամների մեծ մասը լուրջ անելիքներով չի գնում ընտրությունների․ - «Էսօր եթե մեկը գող պաշտոնյայի մասին խոսում է կամ փորձում է ձեռը բռնել, էդ բռնողին համարում են վատ մարդ, էն գողին համարում են լավ տղա․․․ Էդ գործ տվող հասկացությունը մեր ազգի տունը քանդում ա»։

Վարդաբլուրցի գյուղատնտեսը օրինակներ է բերում․ նախկին գյուղապետի յուրացումների մասին դատարանի վճռից հետո անգամ ավագանին չփորձեց տեղական բյուջեից հափշտակված գումարները ետ բերել․ - «Ավագանին էնքան ախմախ ավագանի էր, որ դատարանի վճռի մեջ գրած էր՝ լրացուցիչ քաղհայց պետք է ներկայացնել, որպեսզի վնասների հատուցումը կատարվի: Ավագանին չներկայացրեց այդ քաղհայցը: Իսկ նյութականի տերը ավագանին է, գյուղապետը չի: Չներկայացրած, որ գյուղապետը բերի էդ փողերը մուծի»:

Գյուլագարակցի Մուշեղ Սուքիասյանը 15 տարի հարազատ գյուղում ավագանու անդամ է եղել։ Ասում է, որ միշտ ակտիվ է եղել, փորձել է վերահսկել գյուղապետի գործողություններն ու ընդդիմացել համայնքին չնպաստող որոշումների նախագծերին։ Սակայն, անօգուտ համարելով իր ընդդիմախոսություննը, այս անգամ որոշել չառաջադրել թեկնածությունը․ - «Ոնց որ ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա․․․ Դրա համար ես մտածեցի, որ ձևական բան ա, ու ավելի լավ ա, ընդհանրապես չմասնակցեմ»:

Մարդու իրավունքների պաշտպանության համար բազմիցս կռիվ տված գյուլագարակցին համոզված է, որ հատկապես գյուղական վայրերում ավագանին ոչ մի նշանակություն չունի․ - «Ավագանու անդամների 8-90 տոկոսը սկի պատկերացում չունեն, թե ով են իրանք, կամ ինչ նշանակություն ունի իրենց գործունեությունը: Հիմա հատկապես գյուղական վայրերում ավագանի դառնում են էն մարդիկ, որոնք ուզում են գյուղապետի, համայնքապետի հետ ինչ-որ շփում ունենան, նա իրանցից կախում ունենա, իրանց ինչ-որ մի բանով նայի: Թե չէ․․․ ավագանու նիստեր, բան, դրանք լրիվ ձևական բնույթ են կրում»:

Լոռու մարզի մեկ այլ գյուղի՝ Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանը, ով ևս երկու անգամ գյուղում ավագանու անդամ է ընտրվել, Ախթալա խոշորացվող համայնքում այլևս ընտրապայքարի մեջ չի մտել։ Նա համոզված է, որ 7-8 համայնքների միավորման դեպքում փոքր գյուղերից ընտրվողներ չեն լինի․ - «Այսինքն թելադրողը դառնում ա էդ կենտրոնը, որտեղ կնստի համայնքի ղեկավարը, մեկ էլ այն ավագանիները, որոնք իրանց համայնքից կլինեն, կպաշտպանեն իրանց շահերը: Իսկ փոքր համայնքները, որտեղից ավագանի չի լինի, նրանց շահերը ոչ մեկը չի ներկայացնի»:

Մինչդեռ, նույն Ախթալա համայնքում Մեծ Այրում բնակավայրից ավագանու անդամ առաջադրված Օլեգ Դուլգարյանը կարծում է, թե միավորված բոլոր համայնքների շահերը ավագանիում ներկայացնելու համար բոլոր համայնքներից ներկայացուցիչ ունենալը պարտադիր չէ:

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Հայաստանի 69 համայնքներում, որոնցից 54-ում նաև ավագանու անդամներ կընտրեն:

Ամենաթեժ պայքարն սպասվում է Ապարան քաղաքում, որտեղ 15 տեղի համար պայքարում է 54 թեկնածու: Թեև այստեղ, ըստ էության, համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցություն չի ենթադրվում։ Առաջադրված հիմնական թեկնածուի՝ «Գնթունիկ» առևտրի և սպասարկման կենտրոնի տնօրենի դեմ առաջադրվել է նույն ընկերության հաշվապահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG