Մատչելիության հղումներ

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը


Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից, երեկ դադարեցրել է 24 օր առաջ հայտարարած հացադուլը։

Քրեակատարողական վարչությունից տեղեկացրին նաև, որ երեկ Պողոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա վիճակը գնահատելու համար շտապօգնություն են կանչել, սակայն Պողոսյանը հրաժարվել է բուժզննությունից և դադարեցրել հացադուլը։

Այժմ «Նուբարաշեն»-ի բուժմասում գտնվող Պողոսյանը, որ հացադուլի ընթացքում նաև բուժօգնությունից էր հրաժարվում, արդեն գտնվում է բժշկական ինտենսիվ հսկողության տակ։

Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանցն ասաց, որ իր պաշտպանյալի վիճակն այժմ բավարար է․ - «Պարզ է, որ 24 օր հացադուլից հետո չի կարող վիճակը լավ լինել: Գանգատներ ուներ երիկամներից: Ինձ կոնկրետ շատ անհանգստացնում են սրտի շրջանում ցավերը․․․ Իսկապես կարող է շատ խիստ առողջական խնդիրներ ունենա՝ հատկապես, որ սա առաջին հացադուլը չի»:

Չնայած դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այդպես էլ չկատարեց հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի պահանջները՝ Պողոսյանը որոշեց դադարեցնել հացադուլը՝ փոխելով պայքարի ձևը։ Հիշեցնեմ, նա պահանջել էր թույլատրել դատական նիստերի տեսանկարահանումը, դատարանում իրեն «արա»-ով դիմած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հեռացնել գործի քննությունից և իրեն ազատել կալանքից։

Դատավորը, սակայն, անցած նիստերից մեկի ժամանակ մերժել էր այս պահանջները։

Հիշեցնեմ նաև, որ անցած դատական նսիտի ժամանակ դատավորը նաև մերժել էր Պողոսյանի խնդրանքը՝ ինքնազգացողության վատացման պատճառով հետաձգել դատական նիստը, ինչից հետո նրա փաստաբաններն ու Ժիրայր Սեֆիլյանը լքել էին նիստերի դահլիճը։ Նրանք հայտարարել էին, թե չեն ուզում մասնակից դառնալ Ներսես Պողոսյանի խոշտանգմանը:

«Մեզ համար առավել կարևոր է նրա առողջությունը», - այդ նիստում ասել էր Պողոսյանի շահերի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը: - «Գտնում եմ, որ այս պայմաններում նա ի վիճակի չէ [մասնակցել] դատական նիստին»:

Նինա Կարապետյանցը նկատում է, որ մոտ մեկուկես տարվա ազատազրկման ընթացքում սա Պողոսյանի երրորդ հացադուլն է, որով նա փորձում է հասնել արդարության․ - «Սա ո՛չ առաջին դեպքն էր հացադուլի, ո՛չ վերջին: Բոլորի աչքի առաջ բոլորովին վերջերս Արթուր Սարգսյանը, որ մահացավ: Շատերն են լսել Հրաչյա Գևորգյանի դեպքը․ նա էլ էր գտնվում հացադուլի մեջ, երբ մահացավ: Պարբերաբար մարդիկ են մահանում հացադուլով, և որևէ մեկի վրա որևէ ազդեցություն չկա: Ավելին ասեմ՝ կասկածում եմ, որ այդ գործերով որևէ մեկով որևէ մեկը չի պատժվի»:

Կարապետյանցը պատմում է, որ հացադուլավորների խցում հատկապես գիշերային ժամերին շատ ցուրտ էր լինում, և երիկամների խնդիր ունեցող Պողոսյանն այնտեղ երկար մնալ չէր կարող․ - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անգամ ամենալավ խցում գտնվելը դա անմարդկային վերաբերմունք և խոշտանգում է»:

Ներսես Պողոսյանը մեղադրվում է 2016 թվականին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ Երևանի հեռուստաաշտարակը և պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Պողոսյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG