Մատչելիության հղումներ

Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ


Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ողջունում է աջակիցներին հաղթանակի լուրը ստանալուց հետո, Թբիլիսի, 21 հոկտեմբերի, 2017թ.

ԵԱՀԿ-ն դրական է գնահատել ընտրությունները:

Վրաստանի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, անցյալում անվանի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:

ԵԱՀԿ-ն երեկ հայտնել է, որ Վրաստանում հոկտեմբերի 21-ի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «քաղաքացիների հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են» և «թեկնածուները կարողացել են ազատ պայմաններում քարոզարշավ վարել»:

Վերլուծաբանների համոզմամբ, հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությունները կարևոր քննություն էին «Վրացական երազանք» իշխող կուսակցության համար:

Ընդհանուր դրական գնահատականների հետ մեկտեղ ԵԱՀԿ-ն նաև նշել է թերությունների մասին՝ զեկույցում, մասնավորապես, հայտնելով, որ «հետընտրական արձանագրությունները կազմելու ընթացքում որոշակի խնդիրներ են ծագել»:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, «Վրացական երազանքը» հաղթել է ոչ միայն մայրաքաղաքի, այլև Բաթումիի և Փոթիի քաղաքապետերի ընտրություններում, իսկ Ռուսթավիում «Երազանքի» թեկնածուն անցել է երկրորդ փուլ:

Վրաստանի 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստ, ազգային հավաքականի նախկին ավագ, եվրոպական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ իտալական «AC Milan»-ի նախկին առանցքային պաշտպան 39-ամյա Կախա Կալաձեն, ով համարվում է վրացական ֆուտբոլի ամենատաղանդավոր աստղերից մեկը և, անկասկած, ամենատիտղոսավորը, Թբիլիսիի ղեկավար է ընտրվել՝ հավաքելով քվեների 51.13 տոկոսը:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչին ինձ ցուցաբերած աջակցության և վստահության համար: Թբիլիսցիները պետք է իմանան՝ մենք միշտ նրանց կողքին ենք», - հավաստիացրել է Կալաձեն:

Իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակի մասին գովեստով է խոսել նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին․ - «Սիրելի բարեկամներ, ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս կարևոր և համոզիչ հաղթանակի առիթով: Սա հիրավի մեծ հաղթանակ է Վրաստանի դեմոկրատիայի համար և նշանակալից քայլ դեպի ապագա»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, երկրորդ տեղը քվեների 17.46 տոկոսով գրավել է անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին, երրորդը «Միացյալ ազգային շարժմում» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին է, ով ստացել է քվեների 16.53 տոկոսը:

Կալաձեն մեծ քաղաքականություն մուտք է գործել պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո՝ 2011 թվականին, երբ սկսել է աջակցել Վրաստանի ամենահարուստ գործարար և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:

Իվանիշվիլին վերջին շրջանում հրապարակային քաղաքական գործունեություն չի վարում, այդուհանդերձ մնում է կուսակցության իրական առաջորդը և Վրաստանի թերևս ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:

«Վրացական երազանքի» թեկնածուները 64 համայնքներում տեղական իշխանության համար մղած պայքարում ընդհանուր հաշվով վաստակել են քվեների մոտ 56 տոկոսը՝ ամրացնելով կուսակցության դիրքերը:

Ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ «Միացյալ ազգային շարժումը» (17.05 տոկոս), «Եվրոպական Վրաստանը» (10.51 տոկոս) և «Հայրենասերների միությունը» (6.53 տոկոս) հաղթահարել են 4 տոկոսի նվազագույն շեմը և ներկայացված կլինեն տարբեր համայնքների իշխանության տեղական կառույցներում:

Ընդդիմադիրները պնդում են, որ իշխող կուսակցությունը կիրառել է վարչական լծակները և ահաբեկել է մրցակիցներին:

«Սա հատուկ օպերացիա էր Վրաստանի ժողովրդի դեմ, մենք արձանագրել ենք աննախադեպ ճնշում ընտրողների վրա», - ասել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Միացյալ ազգային շարժման» թեկնածու, անվանի հեռուստալրագրող Ուդումաշվիլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, ՏԻՄ ընտրություններին մասնակցել է մոտ 1 միլիոն 600 հազար ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45.64 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG