Մատչելիության հղումներ

«Հայաստանի փոքրիկ երգիչները» Իսրայելում մասնակցել է հեղինակավոր փառատոնի


Իսրայելի հանրահայտ «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթը Տիգրան Հեքեքյանի հիմնադրած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի լավագույն բարեկամներից մեկն է այն օրից, երբ 2002 թվականին առաջին անգամ լսեց հայկական մանկական երգչախմբի ելույթը:

Մայա Շավիթը Հայաստան է եկելՏիգրան Հեքեքյանի հրավերով 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ՝ հենց այստեղ և հանդես գալու «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ: Դեռ այն ժամանակ այստեղ բոլոր համերգների ժամանակ Մայա Շավիթն ասում էր, որ Իսրայելի ժողովուրդը հայերի հետ կիսում է Հայոց ցեղասպանության ցավը և հույս հայտնում, որ կգա ժամանակը, երբ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Իր հիմնադրած և ղեկավարած երգչախումբը Մայա Շավիթը 2015 թվականին Հայաստան չկարողացավ բերել ֆինանսական խնդիրների պատճառով: Այստեղ նա ասել էր, որ իր ամենամեծ երազանքներից մեկը «Հայաստանի փոքրիկ երգիչներին» Իսրայելում տեսնելն է:

Նման հնարավորություն ստեղծվեց 2017 թվականին: «Հայաստանի փոքրիկ երգիչները» օրերս են վերադարձել Իսրայելից, ուր մեկնել էին ոչ միայն մասնակցելու երգչախմբային արվեստի Աբու-Գոշ քաղաքում տեղի ունեցող հանրահայտ փառատոնին, այլև համերգներով հանդես գալու իսրայելական ևս 6 քաղաքներում՝ Երուսաղեմում, Բեթղեհեմում, Նազարեթում և այլ քաղաքներում:

Այսօր հրավիրված ասուլիսին երգչախմբի անդամներից Լաուրա Հովհաննիսյանը պատմեց, որ հաճախ իրենք հյուրընկալվել են իսրայելական ընտանիքներում և շատ տպավորված վերադարձել․ - «Օրինակ, հենց առաջին քաղաքում իմ տարիքակից երեխայի հետ էի մնում: Շաատ հաճելի էր իմանալ այնտեղի սովորությունների մասին»:

Ուշագրավ է, որ Հայաստանի փոքրիկ երգիչներից 13-ը Երուսաղեմի հայկական պատրիարքարանի միաբանների ձեռամբ մկրտվել են հենց Երուսաղեմում: Նրանցից մեկը Լաուրա Հովհաննիսյանն է: 14-ամյա աղջիկն այսօր ասում էր, որ նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ երբևէ նման հնարավորություն կարող է ունենալ՝ մկրտվել Երուսաղեմում:

Բացի այդ, երգչախումբը երգել է հայկական բոլոր եկեղեցիներում, նաև պատրիարքարանում, արժանացել է պատրիարքի ընդունելությանը, անգամ Երուսաղեմում մասնակցել է պատարագին:

«Մենք երգել ենք պատարագ ամենասուրբ երկու վայրում․ Սուրբ Հարության տաճարում, Քրիստոսի գերեզմանի մոտ: Գիշերը ժամը 4-ին հայ եկեղեցին պատարագ է մատուցում, և պատարագը ամբողջ մենք ենք երգել: Հաջորդը Բեթղեհեմում, էլի Սուրբ Ծննդյան տաճարում՝ մսուր մոտ, որտեղ բարուրել են Քրիստոսին, որտեղ նա ծնվել է», - ասաց Տիգրան Հեքեքյանը:

Թե՛ փառատոնի ընթացքում, թե՛ փառատոնից դուրս տեղի ունեցած համերգների ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ելույթները շատ մեծ տպավորություն են թողել:

«Աբու-Գոշ փառատոնը Իսրայելի ամենահայտնի վոկալ խմբերգային փառատոնն է, մեծ հեղինակություն ունի ոչ միայն Իսրայելում, այլև արտերկրում: Անցկացվում է Աբու-Գոշ գյուղի բարձունքի վրա, մի իրապես գեղատեսիլ հատվածում, որտեղ կա շատ լավ եկեղեցի և եկեղեցական համալիր: Այն քրիստոնեական է, բայց ամենահետաքրքիրը, որ այդ Աբու-Գոշ գյուղում ապրում են քրիստոնյա արաբներ և քրիստոնյա հրեաներ: Առաջին անգամ Աբու-Գոշի պատմության մեջ մանկական երգչախումբ են հրավիրում: Նաև ունեինք հրավեր Իսրայելի արտաքին գործերի նախարարության կողմից, և իրենց ցանկությամբ այս շրջագայությունը նվիրվեց հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Նաև ունեինք հրավեր Իսրայելի երգչախմբային ֆեդերացիայի կողմից», - պատմեց Հեքեքյանը:

Մայա Շավիթը, Տիգրան Հեքեքյանի փոխանցմամբ, բոլոր քաղաքներում «Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգի ընթացքում բեմից դիմելով երաժշտասեր հանրությանը՝ կրկին նույն ուղերձն է հղել իրենց երկրի կառավարությանը․ - «Ասում էր՝ ես եղել եմ այդ երկրում, ես տեսել եմ ինչպես ժողովուրդը պայքարում էր ցեղասպանության ճանաչման համար, և պաքարում էր ծաղիկների լեզվով: Ամեն անգամ ասում էր՝ ես հուսով եմ, որ շուտով նաև մեր քաղաքական գործիչները, մեր պետությունը նույնպես կընդունի Հայոց ցեղասպանությունը: Ինձ համար զարմանալի էր ոչ միայն այն, որ դա ասում էր Իսրայելում, այլ ինչ բուռն ծափահարությունների էր արժանանում ամեն անգամ իր խոսքը հրեաների մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG