Մատչելիության հղումներ

Մխիթարյան միաբանությունը բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում․ Սերժ Սարգսյան


Լուսանկարը՝ նախագահականի

Թուրքիայի Հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր են քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լևոն Զեքիյանը Հայաստան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը Երևանում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝ աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն: Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգևոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են:

Նախագահը նշել է, որ Իտալիա և Ավստրիա այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը, և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լևոն Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG