Մատչելիության հղումներ

Նավալնին գերադասում է Սոբչակի առաջադրման թեմային չանդրադառնալ


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունենում Աստրախանի հավաքում, 22-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունենում Աստրախանի հավաքում, 22-ը հոկտեմբերի, 2017թ․

«Բոլորն էլ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն, մեկն ինձ ավելի է դուր գալիս, մյուսը՝ պակաս, Զյուգանովը, Յավլինսկին, Սոբչակը, Նավալնին՝ բոլո՛րը կարող առաջադրվել», - հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:

Նավալնին, հիշեցնենք, դատապարտված էր 20 օրվա ազատազրկման՝ Նիժնի Նովգորոդում ապօրինի հանրահավաք կազմակերպելու համար: Երեկ Ալեքսեյ Նավալնուն ազատ են արձակել, և նա անմիջապես մեկնել է Աստրախան, որտեղ կայացել է նրա աջակիցների հավաքը՝ իր մասնակցությամբ: Լրագրողների գնահատմամբ, հավաքին ներկա էր մի քանի հարյուր մարդ՝ մեծամասամբ ուսանողներ և դպրոցականներ:

Նավալնին, ով անազատության մեջ էր, երբ հեռուստաաստղ Քսենիա Սոբչակը հայտարարեց նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին, փաստորեն հրաժարվում է մեկնաբանել Սոբչակի այս որոշումը, թեև մինչև պաշտոնական հայտարարությունը քննադատել էր նրան՝ ասելով, որ Կրեմլի սցենարն է իրականացնում և ուզում է տանել իր աջակիցների ձայները:

Քսենիա Սոբչակը, մինչդեռ, «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե, այդուամենայնիվ, Ալեքսեյ Նավալնուն գրանցեն որպես նախագահի թեկնածու, ինքն իր թեկնածությունը կհանի:

Սոբչակի պաշտոնական հայտարարությունից հետո Նավալնին գերադասում է այս թեմային չանդրադառնալ:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Նավալնիի այս լռությունը խելամիտ է համարում: «Երբ Սոբչակը հայտարարեց ընտրություններին առաջադրվելու մասին, ես ուշադիր սպասում էի, թե ինչպես կարձագանքի Նավալնին: Նավալնին, սակայն, գերադասեց չարձագանքել, և սա շատ խելամիտ դիրքորոշում է: Այս պահին, երբ դեռ չի սկսվել թեկնածուների պշտոնական գրանցումը, դեռ վաղ է խոսել, թե ով ուր կգնա, իսկ հետո յուրաքանչյուրն իր տեսակետը կարտահայտի», - ասել է Վենեդիկտովը «Էխո Մոսկվի»-ի եթերում:

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն 2018 թվականի մարտին: Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս հրաժարվել է պատասխանել հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք ընտրություններին, թե՞՝ ոչ: Մոսկվայում, սակայն, համոզված են, որ Պուտինը չորրորդ անգամ առաջադրվելու է և հաղթելու ընտրություններում, իսկ առաջադրվելու իր որոշման մասին էլ կհայտարարի արդեն մոտ ժամանակներս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG