Իտալիայի երկու ամենահարուստ մարզերի՝ Լոմբարդիայի ու Վենետոյի բնակչությունը երեկ կայացած հանրաքվեում քվեարկել է ինքնավարության ընդլայնման օգտին:
Ըստ նախնական տվյալների՝ Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 40, իսկ Վենետոյում՝ 57 տոկոսը: Երկու մարզում էլ ինքնավարության ընդլայնմանը կողմ են արտահայտվել քվեարկության մասնակիցների ավելի քան 90 տոկոսը:
Նշենք, սակայն, որ հանրաքվեն չունի իրավական պարտադիր ուժ:
Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլան քաղաքն է ու Վենետոյինը՝ Վենետիկը:
Երկու մարզերը միասին ապահովում են ողջ Իտալիայի համախառն ներքին արդյունքի մոտ 30 տոկոսը, երկուսն էլ երկրի կենտրոնական կառավարությանը փոխանցում են ավելի շատ հարկ, քան որպես աջակցություն ստանում են պետբյուջեից: Երկու մարզում էլ ցանկանում են առնվազն երկու անգամ կրճատել Հռոմին փոխանցվող գումարի չափը: