Մատչելիության հղումներ

Կախա Կալաձեն հաղթեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում


Վրաստան -- Թբիլիսիի ապագա քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորանքներ է ընդունում, 22-ը հոկտեմբերի, 2017թ.
Վրաստան -- Թբիլիսիի ապագա քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորանքներ է ընդունում, 22-ը հոկտեմբերի, 2017թ.

Վրացական ֆուտբոլային երազանքն իրականություն դարձավ. Վրաստանի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Կախա Կալաձեն, հաղթեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, ֆուտբոլային լեզվով ասած` խաղի ելքը որոշելով արդեն առաջին խաղակեսում և առաջին փուլում հավաքելով քվեների ավելի քան 51 տոկոսը:

Իշխող «Վրացական երազանքի» թեկնածուն երազում էր ընտրվել և զարգացնել մայրաքաղաք Թբիլիսիի ճանապարհային ենթակառուցվածքները, բարելավել քաղաքի էկոլոգիան, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել կրթությանն ու առողջապահությանը:

«Մենք բոլորս սիրում ենք Թբիլիսին և մաղթում, որ նրա վաղվա օրը լինի ավելի լավը, որպեսզի այն լինի գեղեցիկ, բարեկարգ, էկոլոգիապես մաքուր, թարմացված տրանսպորտով: Իմ բոլոր ընդդիմախոսների հետ, ով կցանկանա ապագայում ներկայացնել իր տեսլականը, քաղաքի համար ընդունելի ցանկացած նախագիծ, կրկնում եմ` ես պատրաստ եմ համագործակցել: Մենք ընդդիմախոսներ էինք, սակայն մենք թշնամիներ չենք», - ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ելույթում հայտարարել է Կալաձեն:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով «Միլան» ֆուտբոլային ակումբի և Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպանի օգտին քվեարկել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին՝ ավելի քան 203 հազար մարդ: Կալաձեի մրցակիցները գրեթե նույնատիպ ցուցանիշներ են արձանագրել` անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին ստացել է ավելի քան 17 տոկոս ձայն, իսկ նախկին իշխող կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման թեկնածուն` Զաալ Ուդումաշվիլին, ստացել է քվեների 17 տոկոսից մի փոքր պակաս:

Վրացական ընդդիմությունը պնդում է, թե ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես` Թբիլիսիի քաղաքային իշխանության ղեկավարի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, իշխանական ռեսուրսի չարաշահմամբ: ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ ընդդիմությունը շուրջ 300 բողոք է ներկայացրել, որոնք հիմնականում վերաբերում են «ընտրատեղամասերում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից մարդկանց ցուցակագրումներին»:

39-ամյա Կալաձեն սպորտից քաղաքականություն է տեղափոխվել տարիներ առաջ, երբ Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքը» դեռևս ընդդիմություն էր:

Կալաձեն, ով իրեն համարում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սկզբունքային ընդդիմախոսը, ի նշան բողոքի հրաժարվել էր Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի պաշտոնից և միացել ընդդիմությանը:

2012 թվականին, հաղթելով երկրի խորհրդարանական ընտրություններում, «Վրացական երազանքի» առաջնորդը Կառավարության ղեկավարի տեղակալի և էներգետիկայի նախարարի պաշտոնները առաջարկեց հենց Կալաձեին` այդպիսով, ինչպես նշում են վրաց փորձագետները, նրան դարձնելով երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG