Մատչելիության հղումներ

«Ազատության» հյուրերը քննարկում են ընտանեկան բռնության կանխարգելման աղմկահարույց օրինագիծը


Աննա Հովհաննիսյանը և Արման Ղուկասյանը «Ազատության» տաղավարում, 20-ը հոկտեմբերի, 2017 թ․
Աննա Հովհաննիսյանը և Արման Ղուկասյանը «Ազատության» տաղավարում, 20-ը հոկտեմբերի, 2017 թ․

Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2012-2016 թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 3500 դեպք: Քննչական կոմիտեի տվյալներով՝ միայն 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում տեղի ունեցած սպանությունները կազմել են երկրում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով էլ՝ 2010-2016 թթ․ ընթացքում ընտանեկան բռնությունների հետևանքով 50 կին է սպանվել: Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնութան անձանց պաշտպանության մասին օրենքի նախագծի հեղինակները հետևյալ կերպ են հիմնավորում օրենսդրական նախաձեռնությունը՝ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին և չի ապահովում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն և իրավական կառուցակարգեր:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այսօրվա թողարկման եթերում բուռն քննարկումներ հարուցած այդ օրինագծի շուրջ իրենց նկատառումներն են հայտնում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանը և «Միջազգային հումանիտար զարգացման կազմակերպության» ղեկավար Արման Ղուկասյանը:

Վերջինիս հիշեցմամբ՝ Հայաստանում այս և նման օրինագծերի լոբբինգը սկսվել է դեռ 2009 թվականին: «Ոչ ոք չի ասում, թե Հայաստանում չկա ընտանեկան բռնություն, բայց խոսքն այն մասին է, որ այս օրինագծի վերնագիրն ու բովանդակությունը միմյանց չեն համապատասխանում, որովհետև եթե մենք ուզում ենք կանխարգելել որևէ բռնություն, ապա մենք պետք է իմանանք պատճառները: Օրինագծում այդ պատճառների մասին ոչինչ չկա: Ես կցանկանայի հարցադրում անել՝ ինչու՞ օրնագիծը մշակելիս արդարադատության նախարարությունը չի դիմել տեղյակ հասարակական կազմակերպություններին՝ որպեսզի օգտվի իրենց փորձից»,- հարց է տալիս Արման Ղուկասյանը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանն իր հերթին նշում է՝ բռնության պատճառներին հասարակական կազմակերպությունները չեն անդրադառնում, դրանց անդրադառնում է սոցիալական գիտությունը: «Կան բազմաթիվ գիտական հետազոտություններ և աշխատություններ, որոնք վկայում են այն մասին, որ ընտանիքի ներսում բռնության հիմնական պատճառն է՝ ուժի և իշխանության հաստատումը բռնություն գործադրողից կախում ունեցող անձի նկատմամբ»,- ասում է Աննա Հովհաննիսյանն ու արձանագրում՝ թյուր է այն կարծիքը, թե բռնության պատճառները զուտ սոցիալական են: Ինչ վերաբերում է օրինագծի մշակման հարցում արդարադատության նախարարության հետ համագործակցությանը, Հովհաննիսյանն ասում է, որ գոնե իրենց կազմակերպությունն այդ աշխատանքներում ի սկզբանե ներգրավված չի եղել:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG