Մատչելիության հղումներ

Տեղական հնդկացորենի արտադրությունն ու իրացումը լուրջ խնդիրների է հանդիպում


Բավրայում բացված հնդկացորենի վերամշակման գործարանի «Նոր հատիկ» կոոպերատիվի անդամներն այսօր հավաքվել ու փորձում էին հասկանալ, թե աճեցրած, մթերած ու վաճառված հնդկացորենից գյուղացին շահույթ ստանո՞ւմ է, թե՞ մի բան էլ տուժում:

«Էրկու տարի է արդեն բերքը մնացել է, չգիտենք ինչ պիտի անենք: Մկները կուտեն», - ասաց կոոպերատիվի անդամներից մեկը:

Հիշեցնեմ, որ Եվրամիության ու Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ 3.4 մլն եվրոյի ներդրում է իրականցվել հնդկացորենի ցանքատարածությունների մշակման ու 2 վերամշակող արտադրամասերի բացման համար:

Գումարները ներդրվել են, սակայն կոնկրետ Բավրայի արտադրամասը հիմա չի աշխատում: Գյուղացիների աճեցրած հնդկացորենը չեն հասցնում մշակել: Հիմնական խնդիրը վառելիքի հետ է կապված․ վառելափայտով հնդկացորեն մշակելը թանկ է, ուստի մտածում են գազաֆիկացնել:

«Նոր Հատիկի» կոոպերատիվի նախագահ Ստեփան Նազարյանը ասում է, որ իրենք միայնակ չեն կարող հարցը լուծել․ - «Ընդհանուր հիմնադիր կոոպերատիվների ժողով ենք հրավիրել, որոշել ենք գազաֆիկացում անցկացնել, դիմենք Կառավարությանը, դիմենք մարզպետարանին, մի քիչ էլ մեր ուժերով, որպեսզի կարողանանք գազաֆիկացման հարցը ապահովել»:

«Իրացումը մնում է ամենամեծ խնդիրը», - նկատում է Ստեփան Նազարյանը, քանի որ ներկրողները արհեստական խոչընդոտներ են ստեղծում․ - «Մեծածախ վաճառքը ութ ամսվա մեջ, որ մենք պետք է շուկա մտնեինք, մեծ տարբերությամբ նվազել է՝ 680 դրամից իջել է 300 դրամ: Իմ անձնական կարծիքն է՝ չեն ուզում, որ տեղական հնդկացորենը մտնի շուկա: Իրենք, չգիտեմ ով են, ունեն հնարավորություն հնդկացորեն ներկրեն երկիր ոչ թե որպես հնդկացորեն, այլ որպես անասնակեր՝ էժան գնով, էժան հարկով»:

Նազարյանի կարծիքով, Կառավարությունն այստեղ մեծ անելիք ունի, որ տեղական արտադրողին խոշորները խաղից դուրս չթողնեն․ - «Մեխանիզմ հստակ սահմանվի և վերահսկողություն՝ գյուղացու արտադրած մթերքից մինչև սպառողին հասնելը: Գյուղացին այսօր շատ-շատ մթերքներ է արտադրում, որ հասնում է սպառողին երեք անգամ թանկ»:

Հնդկացորեն մշակողները, համենայնդեպս, չեն պատրաստվում հանձնվել: «Մի քիչ համբերություն է պետք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Կոոպերատիվի անդամները վստահեցրին, որ Բավրայի արտադրամասն առաջիկա օրերին կսկսի նորից աշխատել: Տեխնիկական խնդիրներով է պայմանավորված եղել դադարը: Նաև նոր տեխնիկական վերազինման են սպասում, որը 3 անգամ կնվազեցնի հնդկացորենի մշակման ինքնարժեքը ու կավելացնի արտադրողականութունը 4 անգամ:

Գերխնդիրը կմնա գազաֆիկացման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG