Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստյան Կուրցին հանձնարարարել է կառավարություն ձևավորել:
Հոկտեմբերի 15-ին երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդն արդեն հայտարարել է, որ նախ հանդիպումներ է անցկացնելու խորհրդարան մտած կուսակցությունների առաջնորդների հետ, հետո նոր միայն բանակցություններ է սկսելու կոալիցիայի ձևավորման շուրջ:
Արտգործնախարար Սեբաստյան Կուրցն Ավստրիայի նոր կառավարությունը ձևավորելու դեպքում կդառնա Եվրոպայի ամենաերիտասարդ կանցլերը: Նա ընդամենը 31 տարեկան է: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդը բազմիցս է հայտարարել, թե կանցլերի պաշտոնը զբաղեցնելու դեպքում պայքարելու է ապօրինի միգրացիայի դեմ, ինչպես նաև կրճատելու է փախստականներին տրվող արտոնությունները: