Մատչելիության հղումներ

Խոշորացվող Գյուլագարակ համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցելու են երկու ՀՀԿ-ականներ


Լոռու մարզում Ստեփանավան քաղաքին հարակից յոթ գյուղեր համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում միավորվելու են Գյուլագարակ կենտրոնով ու 15 օրից համայնքապետ են ընտրելու:

Առաջադրված 4 թեկնածուներից երկու անկուսակցական գյուլագարակցիները ինքնաբացարկ են հայտնել՝ պայքարի մեջ թողնելով երկու ՀՀԿ-ականների՝ Գյուլագարակում ընդամենը մեկ տարի առաջ գյուղապետ դարձած Խաչիկ Վարդանյանին և հարևան Կուրթան գյուղի 18 տարվա գյուղապետ Մհեր Գևորգյանին։

Գյուլագարակն ու Կուրթանը բնակչության թվով գրեթե հավասար գյուղեր են՝ մոտ 2500-ական բնակիչ ունեն։

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանն «Ազատությանն» ասաց, որ միավորվող գյուղերի համայնքապետերով հավաքվել, ժողով են արել ու որոշել իր թեկնածությունն առաջադրել։ Գևորգյանը նշում է, սակայն, որ գյուղապետերի հավաքներին իր մրցակիցը՝ Գյուլագարակի գործող գյուղապետը չի մասնակցել, ու հակառակ իրենց որոշմանը, թեկնածություն է առաջադրել․ - «Հեռախոսներն անջատած, չկա էդ մարդը, որ հետը զրուցենք, իմանանք իրա դարդուցավն ինչ ա»:

Գյուլագարակի գործող գյուղապետի հեռախոսահամարները մինչև այսօր էլ անհասանելի են։ Վերջին օրերին ոչ մի զանգի չի արձագանքում՝ չնայած երկու օր առաջ մեկնարկել է քարոզարշավը։

Գյուղապետի տեղակալ Արարատ Մաղաքյանն ասաց՝ գյուղապետն արձակուրդի մեջ է. անձնական հարցերով հանրապետությունից բացակայում է՝ վստահեցնելով, թե մի քանի օրից կվերադառնա և քարոզարշավ կսկսի։

Գյուղապետի տեղակալը շեշտեց, թե այնպես չէ, որ Հանրապետական կուսակցությունը դեմ է եղել իրենց գյուղապետի թեկնածությանը․ - «Եթե իրանք չուզենային, որ մեր գյուղապետը դներ իրա թեկնածությունը, ինքը չէր դնի: Բայց փաստորեն իրան չեն խանգարում, չէ՞, որ ինքը դրել ա թեկնածությունը»։

Գյուլագարակին միացած մեկ այլ գյուղում՝ Վարդաբլուրում է ապրում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանը, ով Գյուլագարակում ավագանու թեկնածություն է առաջադրել։ Նախընտրական ամենաթեժ շրջանում գյուղից բացակայող թեկնածուի մասնակցությունն ընտրություններին անլուրջ ու ձևական է համարում, նշում է, թե ամեն ինչ կատարվում է «իշխանությունների կազմած սցենարով»․ - «Բա լուրջ թեկնածուն էս օրը կկորի՞ գյուղից, հանրապետությունից։ Կորած ա։ Նրան ասին չդնես, ասավ՝ չեմ դնի, հետո ասին՝ գնա դիր, որովհետև ուրիշ գյուլագարակցի էր դրել՝ նախկին գյուղապետը, ասին գնա դու էլ դիր, որպեսզի նրան խանգարես, մեր թեկնածուի ճանապարհը հարթ լինի, գորգը փռած լինի, սա գնաց հմի էլ դրեց։ Հմի էլ ասել են՝ կորի, ոչ մի բան չանես, բայց կմնաս թեկնածու, որ մեր թեկնածուն քեզ կրի, որ երևա, որ երկու թեկնածու են, մեկը կրեց»:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը Գյուլագարակի նախկին գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանն է, ով մոտ 20 տարի գյուղապետ լինելուց հետո մեկ տարի առաջ 30 ձայնի տարբերությամբ պարտվել է ընտրություններում։

Գրիգորյանը «Ազատությանը» հեռախոսով ասաց, որ խոշորացած համայնքի ղեկավարի թեկնածությունը հանելու պատճառներ կան, որոնք, սակայն, չի ցանկանում բարձրաձայնել․ - «Ուզում էի ընտրապայքարի մեջ մտնել և վստահ էլ էի, որ պետք է անպայման հաղթեմ: Ուղղակի որոշակի տեխնիկական հարցեր, խանգարող հանգամանք դարձան»։

Նախկին գյուղապետն, ամեն դեպքում, չի բացառում, որ թեկնածուներից մեկի օգտին կմասնակցի քարոզարշավին։

Կուրթանից առաջադրված թեկնածուն՝ Մհեր Գևորգյանը մինչդեռ, բացառում է, որ դա կլինի Գյուլագարակի գործող գյուղապետը, որի ընտրվելուց հետո գյուղը երկու մասի է բաժանված։

«Բնակիչները մեղք են, մեկը՝ խաչոական, մեկը՝ սաշոական, դուս են գալիս, իրար բարև-բարլուս չեն տալիս՝ խռով։ Թենց չի կարա ըլի էլի։ Ու էդ թշնամությունը կարա խորանա, երեխեքը մեծանան, ասեն՝ իմ պապը սրա պապի հետ չի ունեցել, իմ պապը սրա պապին գործից հանել ա, կրել ա, չգիտեմ, սենց չի կարա ըլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Թեկնածուն վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում նախ մթնոլորտն է առողջացնելու։ Նրա մրցակից թեկնածուի կողմնակիցների համար, սակայն, այս ընտրությունները պատվի հարց են։

Գյուղապետի տեղակալ Արարատ Մաղաքյանն ասում է. - «Ասենք, մեզ ինչքան հաճելի կլնի, եթե կողքի գյուղի համայնքապետը գա մեր գյուղում նստի, ոչ թե մեր գյուղի։ Դրա համար մենք պիտի աշխատենք, որ ունենանք մեր գյուղի համայնքապետը, որը որ մեր գյուղի մասին ավելի շատ կմտածի, քան կողքի գյուղից ընտրված համայնքապետը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG