Ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ռուսական միջամտությունը չի ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն:
Փոմփեոյի այս հայտարարությունը կոշտ քննադատել և ոչ-կոռեկտ են գնահատել:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինության կողմից հունվարին հրապարակված զեկույցում ասվում է, որ հետախուզական հանրույթը «չի գնահատել, թե ինչպիսի ազդեցություն է թողել ռուսական գործունեությունը 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա», այլ ընդամենը հետաքննել է գործի հանգամանքները:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ դեմոկրատ Ադամ Շիֆն ընդգծել է, որ հետախուզությունը եզրահանգումներ չէր արել և չէր կարող անել ամերիկյան ընտրությունների վրա Մոսկվայի գործողությունների ազդեցության վերաբերյալ: «Սա արդեն առաջին անգամը չէ, երբ տնօրենը հայտարարություններ է անում, որոնք նվազեցնում են Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը: Սակայն սա պետք է լինի վերջին անգամը», - հայտարարել է Շիֆը:
ԱՄՆ հատուկ ծառայությունները, հետախուզությունը, ազգային անվտանգությունը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը ոչ միայն միջամտել է ԱՄՆ ընտրական գործընթացներին, այլ նաև այդ ամենն արել է՝ օգնելու համար հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ի վնաս դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի:
Ռուսաստանը բազմիցս հերքել է իր առնչությունը ամերիկյան ընտրություններին, իսկ Թրամփը հերքել է ռուսաստանյան շահերի և իր նախընտրական շտաբի միջև որևէ կապ:
Ամերիկյան ընտրություններում ռուսական հետքի շուրջ ԱՄՆ-ում միանգամից մի քանի կառույցներ են հետաքննություն իրականացնում՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովներ, ինչպես նաև հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: