Երեկ քաղաքական բանավեճերի «Վալդայ» ակումբի ավանդական հավաքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատասխանել ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին: Փոխարենը նա, սովորության համաձայն, անեկդոտ է պատմել ու հերթական անգամ կոշտ կերպով քննադատել ԱՄՆ-ին։
«Վալդայ» ակումբի հերթական նիստն անցկացվել է Սոչիում: Այդ նիստին ելույթ ունենալուց հետո Պուտինը պատասախանել է փորձագետների (այդ թվում՝ արևմտյան) հարցերին։ Նիստին, ի դեպ, մասնակցել են նաև «Ալի Բաբա» չինական օնլայն խանութի հիմնադիր Ջեկ Ման և Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը։ Ավելի վաղ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսոկովն ասել էր, թե նախագահը կարևոր հայտարարություն է անելու, ինչը շատերին ստիպել էր մտածել, թե Կրեմլի ղեկավարն, ի վերջո, հաստակություն կմտցնի առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցում:
Սակայն ոչ իր ելույթում, ոչ էլ հարցերին պատասխանելիս, Պուտին այդ մասին չի խոսել, իսկ քաղաքագետ Ֆեոդոր Լուկյանովի դիտարկմանն ի պատասխան, թե «դուք աշխարհին պետք եք», պարզապես անեկդոտ է պատմել ռուս օլիգարխի մասին, հավելելով, որ իրեն չեն կարոտի։ Պուտինին հարցեր են ուղղել նաև Քսենիա Սոբչակի հնարավոր առաջադրման մասին: Վերջինս, հիշեցնենք, նախօրեին հայտարարել էր նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանում նախագահը կին լինի, Պուտինը պատասխանել է՝ «Ռուսաստանում ամեն ինչ հնարավոր է»։
Խոսելով Կատալոնիայի անկախության հանրաքվեին առնչվող իրադարձությունների մասին, Պուտինը բացասական զարգացումների համար մեղավոր է համարել Արևմուտքին, որը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, այդպիսով «նախադեպ ստեղծելով»: Առավել կոշտ են եղել ՌԴ նախագահի՝ ԱՄՆ-ին վերաբերող գնահատականները: Միջուկային սպառազինության մրցավազքի մասին խոսելիս,Պուտինը պատմել է, թե «ինչ միամիտ էր Ռուսաստանը Ելցինի օրոք, ինչպես էր վստահում ամերիկացիներին, ինչպես էր պարտաճանաչ կերպով կատարում ամերիկյան կողմի հետ կնքված բոլոր համաձայնագրերը, ինչպես էին ամերիկացիները վերահսկում ռուսական միջուկային օբյեկտները, վերահսկում դրանց ոչնչացումը, փոխարենը չէին կատարում իրենց պարտավորությունները»։
«Ռուսաստանը չափից ավելի էր վստահում ԱՄՆ-ին, և դա ընկալվել է որպես թուլություն։ Մեր սխալն այն էր, որ մենք ձեզ չափից ավելի էինք վստահում, իսկ ձեր սխալն այն էր, որ դուք դա որպես թուլություն ընկալեցիք ու չարաշահեցիք մեր վստահությունը»,- արևմտյան փորձագետի հարցին ի պատասխան, երեկ «Վալդայ» ակումբում ասել է Պուտինը։
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանում արևմտյան լրատվամիջոցների գործունեությանը: Պուտինը մասնավորապես, նշել է՝ եթե Ռուսաստանը զգա, որ իր լրատվամիջոցների գործունեությունն Արևմուտքում խոչընդոտվում է, «արագ և համաչափ պատասխան կտա»։ Պուտինն անդրադարձել է նաև ուկրաիանական, հյուսիսկորեական և սիրիական խնդիրներին, ընգծելով՝ չնայած առկա տարաձայնություններին ու բարդություններին, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն այդ խնդիրների կարգավորման հարցում պետք է համագործակցեն։
Մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի առնչությամբ՝ Պուտինը դարձյալ նշել է, թե դեմ է ռուս-ուկրաինական սահմանի փակմանը: «Եթե ԴԺՀ-ի (Դոնեցկի ժողովրդական հանրապետություն) և ԼԺՀ-ի (Լուգանսկի ժողովրդական հանրապետություն) հետ սահմանները փակվեն, այնտեղ կոտորած կլինի, ինչպես եղել է Սրեբրենիցաում»,- ասել է Պուտինը։ Հյուսիսկորեական հարցի առնչությամբ նա նշել է, թե Ռուսաստանը դատապարտում է Փհենյանի կողմից միջուկայաին զենքի փորձարկումները և կատարում է այդ խնդրի հետ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, սակայն համարում է, որ այդ թնջուկն ուժային ճանապարհով լուծելու մասին հայտարարությունները «չափազանց վտանգավոր են»։
Ռուս ամերիկայն հարաբերությունները, Պուտինի գնահատմամբ, չափազանց լարվել են ամերիկյան կողմի պատճառով: Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահն ընդգծում է, որ Մոսկվան առճակատման չի գնա՝ ձգտելով համագործակցել: Որպես արդյունավետ համագործակցության օրինակ նա նշել է ռուս-ամերիկայն գործակցությունը Սիրիայում: