ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մեկ ամսից կարող է հասնել Փհենյանի հռչակած նպատակին՝ ի վիճակի լինել Միացյալ Նահանգներին հարվածել միջուկային հրթիռով:
«Այժմ նրանք իրենց հնարավորություններով բավական մոտ են, ինչը ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից նշանակում է, որ մենք պետք է մեզ այնպես դրսևորենք, կարծես նրանք արդեն գտնվում են իրենց նպատակի իրականացման շեմին», - ասել է Փոմփեոն երեկ Վաշինգտոնում ազգային անվտանգության հարցերով համաժողովին:
Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի խոսքով՝ Փհենյանը այժմ շատ ավելի մոտ է միջուկային զենքի գործարկմանը, քանի հինգ տարի առաջ, և «ավելի մոտ կլինի հինգ ամիս հետո», եթե միջազգային հանրությունը չգտնի հյուսիսկորեական իշխանությունների վրա ճնշման միջոց:
Նույն համաժողովին ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Ռայմոնդ ՄըքՄասթերն էլ ասել է. - «Մենք մասնակցում ենք արշավին, որպեսզի այդ խնդիրը լուծենք առանց ռազմական գործողությունների»:
Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագիրը սկսել է մի քանի տասնամյակ առաջ և այս տարի սկսել է ընդլայնել զենքի փորձարկումները: Անցած հուլիսին Փհենյանը երկու անգամ հեռահար հրթիռներ է արձակել, որոնք ի վիճակի էին հասնել մինչև Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերին էլ Հյուսիսային Կորեան իրականացրել է մինչ այժմ ամենահուժկու ատոմային պայթյունը: