Կանադան ընդունել է «Մագնիտսկու օրենքի» սեփական տարբերակը՝ «Օտարերկրյա կոռումպացված պաշտոնյաների զոհերի մասին օրենքը»:
Օրենքը մի շարք պատժամիջոցներ է նախատեսում՝ ակտիվների սառեցում, երկիր մուտք գործելու արգելք այն անձանց նկատմամբ, որոնց Կանադայի իշխանությունները մեղավոր են համարում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն հանցանքների մեջ:
Կանադական խորհրդարանում տեղի ունեցած լսումների ընթացքում նշվում էր, որ օրենքը նախ և առաջ կիրառվելու է Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի, Վիետնամի և Մյանմայի նկատմամբ:
Օտտավայում Ռուսաստանի դեսպանությունը այդ որոշումը «ոչ-ռացիոնալ» է գնահատել, իսկ ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե անպատասխան չի թողնի Կանադայում ընդունված այդ օրենքի ընդունումը և կընդլայնի պատժամիջոցների ենթարկված կանադացիների ցանկը:
«Մագնիտսկու ակտը» ընդունվել է ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով 2008 թվականի նոյեմբերի 24-ին, իրավապաշտպանների համոզմամբ՝ շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: Նրա մահվան մասին լուրը վրդովմունք է հարուցել ամբողջ աշխարհում:
2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: