Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը ՀՀ-ին և ԵՄ-ին կոչ է անում «կարճ ժամկետներում» ստորագրել նոր համաձայնագիրը


Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Եվրամիության երկրներին ու Հայաստանի իշխանություններին կոչ է արել «առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը»։

Ազգային պլատֆորմի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցում ասացին՝ մտահոգություններ ունեն, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է և չստորագրվել, դա է եղել նման կոչով հանդես գալու պատճառը։

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա սկզբին, սպասվում է, որ կստորագրվի նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարել է անձամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասում է՝ «աչքը տեսածից է վախենում», հիշեցնելով այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագիրը․ - «Ճիշտ է՝ այժմ արդեն պայմանագիրը նախաստորագրված է, արդեն պայմանագիրը հրապարակված է, առերևույթ ռուսական շահերին հակառակ չէ, ակնհայտ է, որ այն նաև համաձայնեցված է ինչ-որ առումով ռուսական կողմի հետ, միևնույնն է՝ մտավախությունը կա, որովհետև առնվազն հոգեբանորեն աչքը տեսածից է վախենում»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է՝ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով արվող հայտարարությունները խոսում են հայկական կողմի պատրաստակամության մասին, բայց արդյո՞ք Հայաստանը բավարար ինքնուրույնություն կունենա այդ փաստաթղթի ներքո դնել իր ստորագրությունը:

«Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում Ռուսաստանի ազդեցությանը մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտների վրա, ինչը նաև լրացուցիչ ցուցիչ է մեզ համար, որ գուցե այստեղ ևս Ռուսաստանի դերակատարումը այնքան մեծանա, որ փաստաթղթի վերջնական ստորագրումը չլինի», - ասում է Հարությունյանը:

Իոաննիսյանը քիչ հավանական է համարում, որ փաստաթուղթը չստորագրվի եվրոպական կողմի պատճառով: Ասում է՝ նաև նման տեսակետ կա․ - «Հնարավոր սցենարներ են մարդիկ ներկայացնում, ասում են, որ այ՝ կարող է հունգարարեն թարգմանված չէ, Հունգարիան էլ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի հետ բավական լավ հարաբերությունների մեջ է, Հայաստանի հետ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո շատ վատ հարաբերությունների մեջ է և միգուցե Հունգարիայի միջոցով որոշ ուժեր փորձեն խոչընդոտել, բայց դա իրատեսական չէ, որովհետև անգամ Հունգարիայի կողմից խնդիրների հարուցման դեպքում Բրյուսելից, Բեռլինից կամ Փարիզից կզանգեն Բուդապեշտ և կասեն, որ եթե դուք սրա հետ խնդիր չունեք, ապա ստորագրեք»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը կարծում է՝ ստորագրումից առաջ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հրապարակումը ենթատեքստ ունի․- «Կողմերն իրար ապահովագրեցին, որ՝ մենք մեր երրորդ կարևորագույն դերակատարից գաղտնի ոչինչ չունենք, չնայած ես կարծում եմ, որ ոչ պաշտոնական տարբերակով, բնականաբար, տեքստերը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամներ ռուսական կողմի հետ քննարկվել են, բայց միևնույնն է՝ ֆորմալ առումով իրենք իրենց գործողությունները հրապարակային դարձրեցին նաև մյուս դերակատար գործընկերոջ՝ Ռուսաստանի համար, և դրանով նաև վստահություն ուզեցան ներշնչել, որ մենք Մաքսային միության դեմ ոչինչ չենք նախապատրաստում»:

Հարությունյանն, այնուհանդերձ, մտավախություններ ունի, որ անգամ ստորագրվելու դեպքում ԵՄ-Հայաստան համաձայնագրով նախատեսված բարեփոխումները կարող են որոշ ժամանակ «թղթի վրա» մնալ․ - «Կոռուպցիայի դեմ պայքար՝ բովանդակային, որակական, տեսանելի, նշանակում է, որ մենք հաջորդ օրը զարթնելու ենք և այն ոչ ազատական տնտեսական համակարգի, օլիգարխիկ դրսևորումների, ստվերային հարկային տնտեսության առնչությամբ մենք ունենալու ենք լրիվ այլ կանոններ։ Բնականաբար այդպես չի լինելու, այսինքն՝ մենք չենք հավատում, որ մի օրում դա կփոխվի, բայց մենք հավատում ենք, որ սա լավ հիմք է, որ մեզ հնարավորություն է տալու անընդհատ դա օգտագործել այսուհետ, ոչ թե, օրինակ, Եվրասիական տնտեսական միության հետ ունեցած պայմանագրային պարտավորությունը, որտեղ այդ ոլորտների առնչությամբ որևէ դրույթ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG