Ղազախստանն ու Ղրղըզստանը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև գտնվող սահմանային անցակետերում ստեղծված կաթվածահար վիճակը հաղթահարելու ուղղությամբ:
Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը և Ղրղըզստանի կառավարության ղեկավար Սապար Իսակովը չորեքշաբթի օրը պայմանավորվել են պետական սահմանը հատելու առաջնահերթ իրավունք շնորհել ֆիզիկական անձանց և մարդատար ավտոբուսներին:
Ղազախստանի իշխանությունները հարավային հարևանի հետ սահմանին գտնվող անցակետերի գործունեությունը սահմանափակել էին մոտ տասն օր առաջ` Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ելույթից հետո: Դրանում Աթամբաևը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին մեղադրել էր իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Բիշքեկը նաև Ղազախստանի գործողությունների առթիվ պաշտոնական բողոք էր ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն: