Մատչելիության հղումներ

ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսում այսօր կքննարկվի Երևանի ընտրությունների մասին դիտորդների զեկույցը


Երևանի ավագանու ընտրություններ, 14-ը մայիսի, 2017թ.
Երևանի ավագանու ընտրություններ, 14-ը մայիսի, 2017թ.

Եվրախորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում այսօր քննարկման կդրվի եվրոպացի դիտորդների զեկույցը Երևանի ավագանու վերջին ընտրությունների մասին:

Մայիսին կայացած քվեարկությունից հետո միջազգային դիտորդական խումբն արձանագրել է՝ «ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան, սակայն մտահոգիչ մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված»:

Այս շարքում առաջին հերթին նշվում են ընտրացուցակները, որոնք, ըստ զեկույցի, շարունակում են ներառել փաստացի դրսում բնակվող բազմաթիվ քաղաքացիների անուններ:

«Ընտրացուցակների ճշգրտությունը պետք է բարելավվի», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով. - «Ցուցակներում ներառված ընտրողները պետք է իրական կապ ունենան այն համայնքների հետ, որտեղ ընտրություն են կատարում, և տեղական հարցերը պետք է որոշվեն այն քաղաքացիների կողմից, որոնք այդ պահին ապրում են այդ համայնքներում»:

Հաջորդ հանձնարարականով՝ զեկույցը կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերանայել թեկնածուների գրանցման մասին դրույթները՝ հնարավորություն տալով, որ որևէ կուսակցություն չներկայացնող անկախ թեկնածուները ևս մասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին:

Արձանագրելով, որ հայաստանյան հասարակությունն ընդհանուր առմամբ հոգնել է և թերահավատորեն է վերաբերվում ընտրական գործընթացներին, եվրոպացի դիտորդները նշում են. - «Քաղաքացիների վստահությունն ամրապնդելու համար Հայաստանի իշխանությունները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ձայների գնման ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդումներին»:

Դիտորդական պատվիրակությունը, մասնավորապես, պնդում է, թե մայիսյան քվեարկությունից առաջ բողոքներ է լսել դպրոցներում, հիվանդանոցներում ու որոշ մասնավոր ընկերություններում աշխատակիցների վրա բանեցվող ճնշումների մասին:

«Ձայների գնման ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարելու հարցում քաղաքական կամքի պակասն ու այդ խախտումների վերաբերյալ ապացույցներ հավաքելու դժվարությունը թույլ չեն տալիս, որ դատական համակարգը արդյունավետ և համարժեք պատժամիջոցներ սահմանի: Արդյունքում, Հայաստանում վստահության խորը պակաս կա իրավապահների և, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի նկատմամբ», - արձանագրում են միջազգային դիտորդները՝ հավելելով, որ ավագանու վերջին ընտրություններում մասնակցության ցածր աստիճանը հուշում է քաղաքական անտարբերության բարձր աստիճանի ու քաղաքական համակարգի հանդեպ անվստահության մասին:

Զեկույցում նշվում է նաև, որ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց տեղական ընտրությունների կազմակերպումը չի նպաստում դրանց նկատմամբ հետաքրքրության աճին ու թափանցիկության ապահովմանը:

Ըստ այդմ, Եվրախորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ տեղական ընտրությունների մեկ միասնական օր սահմանել, որը կլինի խորհրդարանական քվեարկությունից առնվազն վեց ամիս հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG