Մատչելիության հղումներ

Խուրշուդյանը չի բացառում, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է և չստորագրվել


Էս իշխանություններն այնքան անկանխատեսել են՝ ցանկացած խոստում դրժելու իմաստով, որևէ բան բացառել անհնար է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ Հովսեփ Խուրշուդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավանական է համարում Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերին նոր փաստաթղթի ստորագրումը։

«Մի հատ մենք ստորագրենք, որ ասում են՝ աչքովս տեսնեմ։ Մի անգամ արդեն էլի խոստացան՝ միջազգային ատյաններով, չորս տարի բանակցեցին, հետո հետ կանգնեցին։ Հիմա ի՞նչ իմանանք, մի հատ սպասենք, նոյեմբերի վերջին գագաթնաժողովը կլինի, թող ստորագրեն, այդ ժամանակ կտեսնենք», - ասաց Խուրշուդյանը՝ շարունակելով. - «Գիտեք, էս իշխանություններն այնքան անկանխատեսելի են այդ իմաստով՝ ցանկացած խոստում դրժելու իմաստով, որ որևէ բան բացառել անհնար է, որ նորից կարող է չստորագրեն: Չնայած հիմա նույնիսկ, ի տարբերություն անցած անգամվա, համաձայնագիրը հրապարակվեց, ես չգիտեմ, թե ում նախաձեռնությունն է, բայց համենայն դեպս Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմը Քաղաքացիական հասարակության ֆորումի բազմիցս պահանջում էր, որ հրապարակվի, հասարակությունը տեսնի մի հատ` ինչ եք ստորագրում, ինչ եք քննարկում, ինչ եք բանակցում, որ նաև հասկանա արժեքն այդ ամենի, ու հետո, երբ որ դուք հետ կանգնեք դրանցից՝ իշխանություններ, հասարակությունն իմանա, թե ինչից եք հետ կանգնում, և այս անգամ, բարեբախտաբար, հրապարակեցին»։

Հարցին, թե համաձայնագրի տեքստի հրապարակումը ռուսական կողմի հետ կապ չունի՞, Խուրշուդյանը պատասխանեց. - «Էն, որ ասում են՝ հրապարակել են, որ ռուսները տեսնեն, որ ոչ մի վտանգավոր բան չկա... տեսեք՝ կան բանակցող կողմեր, որոնք տեղյակ են փաստաթղթին, կա Ռուսաստան, որին առաջին հերթին են Հայաստանի իշխանություններն այդ փաստաթուղթն ուղարկում՝ դեռ չսկսած բանակցությունները, ես վստահեցնում եմ Ձեզ դրանում, ումի՞ց է մնում, որ գաղտնիք են պահում՝ ժողովրդից, հասարակությունից։ Նախորդ անգամ այդպես էր՝ երբ որ խորը և համապարփակ համաձայնագիրը չէին հրապարակում, մինչև վերջ չհրապարակեցին, հետո էլ չստորագրեցին, ոչ իմացանք՝ ինչ էր, որ բանակցում էին չորս տարի։ Իհարկե միջնորդավորված իմացանք, երբ որ Ուկրաինայինը հրապարակվեց, մյուս երկրներինը, որոնք ստացան այդ հսկայական օժանդակությունն՝ իրենց տնտեսություններն արդիականացնելու, եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, իրենց մոտ կոռուպցիայի դեմ պայքարն ավելացնելու, և այդ ամեն ինչը, երբ որ ստացան և ստանում են, մենք այնտեղ տեսնում ենք արդյունքները, մենք հասկանում ենք՝ ինչից ենք զրկվել»։

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG