Մատչելիության հղումներ

Վրաստանի դատախազությունը հաստատեց Նիդերլանդներին «Բուկ» համակարգ տրամադրելու մասին լուրերը


Վրաստանի Գլխավոր դատախազությունը հաստատեց Նիդերլանդներ «Բուկ» համակարգ ուղարկելու մասին լուրերը: Տարածած հայտարարությունում Վրաստանի գլխավոր դատախազությունը նշում է, որ անցյալ տարի Ամստերդամը դիմել էր Թբիլիսիին իրավական օգնություն տրամադրելու խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, Նիդերլանդների քննչական ծառայության տրամադրության տակ գտնվող քրեական գործի մասին է, որը վերաբերում է 2014 թվականին հուլիսի 17-ին ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքում Մալայզիական ավիաընկերության Ամստերդամից Կուալա-Լումպուր չվերթ իրականացնող ինքնաթիռի խոցմանը:

Միջազգային քննչական խմբի կողմից իրականացվող քրեական հետաքննությունը եկել էր այն եզրակացության, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրից:

Վրաստանի գլխավոր դատախազությունը նշում է, որ Նիդերլանդներին է տրամադրել 9M38M տեսակի «Բուկ» հրթիռային համակարգ, ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ ինքնաթիռի կործանման հետաքննության գործում օգտագործելու համար:

Boeing-777 օդանավի կործանումը 298 մարդու՝ այդ թվում 80 երեխայի կյանք է խլել: Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում Նիդերլանդների, Մալայզիայի և Ավստրալիայի քաղաքացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG