Մատչելիության հղումներ

Անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիր


Նիկոլայ Մադոյան, Երևան, 18-ը հոկտեմբերի, 2017 թ․

«Ես հասկացա, որ մարդու հիշողության հնարավորություններն անսահմանափակ են»:

Մեր ժամանակների լավագույն ջութակարներից Նիկոլայ Մադոյանի բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակներին ավելացել է ևս մեկը՝ նա դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիր:

Օրերս Գինեսի ռեկորդների միջազգային գրասենյակից ստացվել է նրա հավաստագիրը: Հեղինակավոր այդ տիտղոսը Մադոյանին է տրվել աննախադեպ երկար տևողությամբ նվագելու համար: 2017 թվականի փետրվարի 11-12-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նա անընդմեջ նվագել է 33 ժամ 2 րոպե և 41 վայրկյան՝ այդ ընթացքում ներկայացնելով համաշխարհային երաժշտական գանձարանի՝ ջութակի համար գրված լավագույն ու կատարման առումով տեխնիկապես շատ բարդ գործեր: Այսօր հրավիրված ասուլիսին Նիկոլայ Մադոյանը շեշտեց․ «Ջութակն իմ տարերքն է, ես աշխատում եմ չթողնել ջութակի որևէ չնվագած տարածք: Այս պատմական ռեկորդը ես արեցի հանուն Հայաստանի, հանուն մեր մշակույթի: Այն նվիրում եմ արցախյան պատերազմի անմահ հերոսների հիշատակին»:

Այժմ արդեն Գինեսի ռեկորդակիր ջութակահարի խոսքով՝ իր առաջնահերթ նպատակը եղել է ոչ այնքան և ոչ միայն տեխնիկական կատարելության հասնելը, այլ այդ 33 ժամերի ընթացքում ունկնդրին բարձագույն գեղագիտական հաճույք պատճառելը: «Ես ընտրեցի 59 ստեղծագործություններ, տարբեր դարաշրջանների և ոճերի, ներառյալ չորս հայկական ստեղծագործություններ: Ըստ Գինեսի կանոնների, ես չորս ժամվա ընթաքցում իրավունք չունեի կրկնել նույն ստեղծագործությունը: 59 գործերից բաղկացած ցիկլը կրկնվում էր մոտ ութ անգամ»,- պատմում է Նիկոլայ Մադոյանը:

Անվանի ջութակահարը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նա համաշխարահային երաժշտական հանրութանը հայտնի է իր բացառիկ կատարումներով: Օրինակ՝ Իտալիայում, նաև մի քանի այլ երկրներում նա մեկ համերգի ընթացքում նվագել է Պագանինիի 24 կապրիչչոները: Այլ դեպքերում նա մեկ համերգի ընթացքում նվագել է Պագանինիի 6 կոնցերտները․ «Դա պատմական իրադարձություն էր, առաջին անգամ էին Պագանինիի բոլոր կոնցերտները նվագվում մեկ համերգի ընթացքում»:

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը Հայաստանում առայժմ առաջինն ու միակն է, ով մշակույթի ոլորտում Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել: «Ազատության» հարցին՝ ի վերջո ի՞նչը նրան դրդեց դառնալ Գինեսի ռեկորդակիր, Մադոյանը պատասխանեց․ «Հանուն Հայաստանի: Նաև հիշողության սահմաններն էի ուզում հետազոտել: Բոլոր ստեղծագործությունները նվագել եմ անգիր: Ես հասկացա, որ մարդու հիշողության հնարավորություններն անսահմանափակ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG