Թուրքիան չի ընկրկի Միացյալ Նահանգների ճնշումների առաջ և կմերժի Անկարայի համար անընդունելի ցանկացած պայման: Մինչ ամերիկյան պաշտոնական պատվիրակությունն այսօր Թուրքիայում հանդիպումներ էր անցկացնում՝ երկկողմ դիվանագիտական ճգնաժամը հարթելու նպատակով, նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Արդեն տասն օր է՝ ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին: Աննախադեպ այդ սահմանափակման մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կալանավորվեց Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը:
Հիմա, ըստ Haberturk հեռուստաընկերության, ամերիկյան պաշտոնական պատվիրակությունը, Եվրոպայի ու Եվրաիսայի հարցերով փոխպետքարտուղար Ջոնաթան Քոենի գլխավորությամբ, Անկարայից ապացույցներ և տեղեկություններ է պահանջում՝ կապված ամերիկյան հյուպատոսարանի աշխատակցի ազատազրկման հետ: Ընդհանուր առմամբ, ըստ թուրքական աղբյուրների, Վաշինգտոնը հարաբերությունները վերականգնելու համար չորս նախապայման է դրել Անկարայի առաջ:
«Մենք կհամագործակցենք ամերիկացիների հետ, սակայն միայն այն դեպքում, երբ նրանց պահանջները համապատասխանեն մեր Սահմանադրությանն ու օրենքներին: Մենք չենք ընկրկի նրանց ճնշումների առաջ ու կմերժենք անընդունելի ցանկացած պահանջ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ևս մեկ անգամ ընդգծելով, թե Թուքրիայում անկախ դատական համակարգ է գործում:
Մեթին Թոփուզի ձերբակալությունից առաջ, դեռ անցած մայիսին, թուրքական դատարանը որոշել էր ազատազրկել նաև ամերիկյան հյուպատոսության թարգմանչին: Երկուսն էլ, ըստ պաշտոնական Անկարայի, սերտ կապեր են ունեցել ներայումս Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայում մեղադրում են անցած տարվա հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
ԱՄՆ-ը կտականապես հերքում է այդ մեղադրանքները: «Հաբերթուրք»-ի հաղորդմամբ, Վաշինգտոնից Անկարա ժամանած պատվիրակությունն ընդգծել է՝ հյուպատոսարանի աշխատակիցները չեն կարող ազատազրկվել, եթե դիվանագիտական առաջադրանք են կատարել և շփումներ ունեցել դեսպանատան պահանջով: Թուրքական կողմին, սակայն, այս փաստարկները կարծես դեռ չեն համոզում: Ավելին՝ թուրք իրավապահները շարունակում են որոնել ամերիկյան դիպկորպուսի երրորդ աշխատակցին, նախագահ էրդողանն էլ պնդում է, թե կասկածյալը ԱՄՆ-ի հյուպատոսարանում է թաքնվում:
Ի տարբերություն արտգործնախարար Չավուշօղլուի, նախագահ էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինն ավելի մեղմ է արտահայտվել խնդրի վերաբերյալ: Նա այսօր հույս է հայտնել, թե երկկողմ ճգնաժամը շուտով կհաղթահարվի: «Ամերիկյան պատվիրակությունն իրավասու չէ հանել վիզաների տրամադրման արգելանքը, սակայն նրանք մեր տեսակետները կփոխանցեն Վաշինգտոնին, և հույս ունենք, որ Սպիտակ տունը շուտով դրական քայլեր կձեռնարկի»,- ասել է Քալինը:
Իսկ անցած շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը, հիշեցնենք, հայտարարել էր․ «Եթե Վաշինգտոնը չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունն այնպես, ինչպես որ կա, ուրեմն, մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք և ոչ էլ այդպիսի պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք դա պետք է ընդունեք: Հակառակ դեպքում, կներեք, մենք Ամերիկայի կարիքը չունենք»: